Կոչս ԱԱԾ-ին՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի տղային թողնել անպաշտպան. Գեղամ Նազարյան
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձավ օրերս Նիկոլ Փաշինյանի որդու և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի մոր՝ Գայանե Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին, որից հետո Աշոտ Փաշինյանը հայտարարել է, թե իրեն Գայանե Հակոբյանը փորձել է առևանգել: Իրավապահ մարմիններին Փաշինյանի որդու ներկայացրած հաղորդման հիմքով էլ տիկին Գայանեին ձերբակալեցին։
«Անդրադառնամ մի նուրբ թեմայի, որին աշխատում եմ շատ չանդրադառնալ, բայց հաշվի առնելով, որ այսօր ժամը 13։00-ին քննվելու է հերոս տղաներից մեկի՝ Ժորա Սահակյանի մոր կալանավորման միջնորդությունը, հաշվի առնելով շատ ու շատ փաստեր, այդ թվում՝ մեղադրող կողմին կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից և հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղաների ծնողներին չդարձնել, չուղղորդել այլևայլ նպատակներով։ Նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են լինում, այլ միշտ, որպեսզի իրավիճակը չհասնի այստեղ»,- նշեց պատգամավորը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ գիտի, որ հերթական անգամ իր խոսքն օգտագործելու են այլևայլ նպատակներով, այդուամենայնիվ կրկնեց միտքը՝ անբարոյականություն է օգտվել զոհված հերոս տղաների ծնողների հուզական վիճակից։
«Նույն կինը, որն այսօր հայտնվել է այդ վիճակում, միայնակ պահել, չարչարվել ու մեծացրել է իր որդուն, և բնական է, որ նա կգտնվի շատ ծանր ու հուզական վիճակում, նրանց կողքին լինելու փոխարեն, նրանց պահանջները բավարարելու փոխարեն՝ պետք չէ դրդել կամ հասցնել այնպիսի վիճակի, որ նման անհասկանալի, անընդունելի վիճակի մեջ դնի։
Իրավապահ համակարգին, ԱԱԾ-ին մի հարց ունեմ, կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես թողնել անպաշտպան, գուցե մի օր էլ տհաճ միջադեպ իրականացվեր շատ վատ մարդկանց կողմից»,- եզրափակեց Գեղամ Նազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում