Կարևոր քայլ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հստակեցման հարցում. Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրեց մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման որոշ մանրամասներ: Նշեց, որ նախորդ տարի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի, Եվրամիության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել էին Հայաստանի ու Ադրբեջանի հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Նաև հաստատել էինք, որ սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար։ Մայիսի 14-ին մենք ըստ էության կատարեցինք ևս մեկ քայլ, և ինչպես նշված է Եվրամիության խորհրդի նախագահի այդ հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29.800 քկմ տարածքը, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը։ Պիտի արձանագրեմ, որ սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում