«Նիկոլ-2 արարն է տեղի ունենում Արցախում. նպատակն Արցախի հանձնումն է». Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի է ունենում «Նիկոլ-2» արարը:

«Վերջին ժամանակներում Արցախում տարօրինակ, շատերի համար անհասկանալի պրոցեսներ են տեղի ունենում. Ստեղծվել են տարբեր պրոյեկտներ, մեկը չէ, երկուսը չէ, և ես արդեն անուն եմ դրել, ասում եմ, որ Նիկոլ-2 արարն է տեղի ունենում Արցախում: Եթե Նիկոլ-1 արարի արդյունքում մենք ունեցանք ահասարսուռ պատերազմ, հազարավոր զոհեր և հայրենիքի կորուստ, ապա երկրորդ արարի ավարտին, Աստված մի արասցե, տեսնելու ենք Արցախի հանձնումը: Այսինքն՝ Նիկոլ-2 արարի նպատակը դա է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ նման խնդիրների առաջ չկանգնելու համար պետք է ուղղակի չունենալ նման իշխանություններ:

Նրա խոսքով՝ այդ ձևավորված խմբերից մեկը թիրախավորում է ռուս խաղաղապահներին, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե Արցախում դժգոհ են խաղաղապահների աշխատանքից. «Դա՝ այն պարագայում, երբ Արցախում բոլորս հասկանում ենք, որ առկա խնդիրները քաղաքական են, ինչի արդյունքում մենք հասել ենք այս վիճակին, իսկ խաղաղապահն իրականացնում է հումանիտար, խաղաղապահ առաքելություն, որը որևէ կապ չունի քաղաքական գործառույթների հետ: Այսինքն՝ եթե անցակետն այնտեղ դրվել է քաղաքական որոշման արդյունքում, խաղաղապահը չի կարող գնա ու այն հեռացնի, այդպես չի լինում: Ամեն դեպքում, այսօր այդ անցակետի տեղադրման մեղավորները ստեղծում են տպավորություն, թե մեկ ուրիշն է մեղավոր: Մի ուրիշ պրոյեկտ փորձում է համոզել, թե մենք պետք է հարմարվենք, այլ տարբերակ չկա, և հաշտ ու խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ: Այսինքն՝ յուրաքանչյուրն ինչ-որ դերակատարություն ունի այս արարում կատարելու, սակայն, միևնույն է, չեն հաջողելու: Նկատվում է, որ ոչ թե կարևորը իրենց արածի վերջնարդյունքն է, այլ կարևորը այս պրոցեսները, որոնք ընթանում են, որպեսզի տեսանելի լինի միջազգային հանրության համար, Հայաստանում, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար, որ՝ ամեն դեպքում Արցախն այն Արցախը չէ, որը դուք պատկերացնում եք, Արցախը պատրաստ է նման քայլերի գնալու, բայց իրականում այդպես չէ: Իրականում, չեմ կարծում, որ իրենք հաջողության կհասնեն»:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախի իշխանությունները տարատեսակ արտաքին և ներքին ճնշումների արդյունքում անընդհատ իշխանական կազմում փոփոխություններ են կատարում. «Եվ դա անում են այնպիսի արագությամբ, որ շատ դեպքերում չենք էլ հասցնում ծանոթանալ նոր ղեկավարներին: Երեք տարվա ընթացքում արդեն իսկ ունենք չորրորդ պետնախարարը: Նախորդ պետնախարարի ազատումը շատ քննարկվեց, որովհետև բոլորը գիտեին, որ այն Ադրբեջանի ուղիղ ճնշման արդյունքում էր, ինչո՞ւ ոչ՝ նաև Հայաստանի իշխանությունների ճնշման արդյունքում»:

Կարդացեք նաև

Նա շեշտեց, որ Արցախում հստակ որոշում են կայացրել, և որևէ քաղաքական ուժ կամ իշխանություն իրավասու չէ Արցախի կարգավիճակի հարցը կասկածի տակ դնել. «Այն, ինչ կատարվում է, կեղծ օրակարգեր են, մեզ համար իրավական հիմք չունեն: Շատ տարօրինակ է Արցախի իշխանությունների պահվածքը, որովհետև որևէ արձագանք չեղավ բրյուսելյան հանդիպմանը: Փոխանակ պահանջ կամ արգելք դրվեր Արցախի մասով ՀՀ իշխանություններին, դրա փոխարեն՝ խոսում են քաղաքական կոնսուլտացիաների, պետնախարար նշանակելու կամ ազատելու մասին: Այսինքն՝ զբաղված են շեղող գործընթացներում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս