Հայտնի է, թե որ մասնագիտությունները չեն հետաքրքրել դիմորդներին. որոշ բաժիններում եղել է մեկ դիմորդ
Ավարտվել է 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը:
Ամենապահանջված մասնագիտությունների ցանկը գլխավորում է «Բուժական գործ»-ը, որին հաջորդում են «Կառավարում», «Ֆինանսներ», «Իրավագիտություն», «Տնտեսագիտություն», «Ճարտարապետություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Ստոմատոլոգիա», «Շուկայագիտություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժինները:
Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին փոխանցեցին, որ հայտնի են նաև քիչ նախընտրելի բաժինները:
Եվ այսպես, «Բնապահպանություն և բնօգտագործում» (ՀՊՏՀ) բաժնում հատկացվել է 30 տեղ, դիմել է 1 հոգի:
Իսպաներեն և գրականություն (ՀՊՄՀ) բաժնում ևս 25 տեղի համար դիմել է 1 հոգի:
Օլիգոֆրենոմանկավարժություն բաժնով (ՀՊՄՀ) ևս հետաքրքրվել է 1 դիմորդ:
Շրջակա միջավայրի գիտություններ (ՀՊՄՀ) բաժնում հատկացված 20 տեղի համար ևս 1 հոգի է դիմել:
19 տեղ հատկացվել է «Քիմիա» բաժնում (ՀՊՄՀ), սակայն հետաքրքրվել է 1 հոգի:
Այս ցանկում «շահող» է դուրս եկել «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» (ՀԱԱՀ) բաժինը, որտեղ հատկացված 50 տեղի համար դիմել է 3 հոգի:
Գավառի պետական համալսարանում «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնում 15 տեղի համար դիմել է 1 հոգի:
ԵՊՀ-ի «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա» բաժնում ևս դիմել է 1 հոգի, իսկ հատկացվել է 15 տեղ:
Նկատենք, որ 6 տարվա ընդմիջումից հետո բուհ ընդունված երիտասարդների մի մասն այս տարի բանակ չի գնա՝ օգտվելով տարկետման իրավունքից:
ԳԹԿ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ տարկետման համար առանձնացվել է 10 մասնագիտություն:
Կառավարության որոշմամբ՝ ամեն տարի պետությունն առաջնահերթ ուղղություններ է ընտրելու, և այս տարի դա բնագիտական ոլորտն է։ Հիմնականում ԵՊՀ-ի ու Պոլիտեխնիկի ֆիզիկայի ու քիմիայի մասնագիտացումներն են։
«Եթե բարձր միավորով ընդունվել են անվճար տեղեր, ապա ուսման 4 տարիների ընթացքում չեն զորակոչվի բանակ՝ անկախ նրանից՝ առաջին կուրսից հետո կտեղափոխվե՞ն վճարովի համակարգ, թե՞ ոչ»,- նշեց Խաչանուշ Գրիգորյանը: