«Կոմիտասի վրա հարձակումը հարձակում է ինքնության վրա. Ինչո՞ւ է Հանրայինը նման բան անում՝ բնավ պատահական չեմ համարում». Մհեր Նավոյան
Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանի խոսքով՝ Սուպեր Սաքո անունը կրող անձին Սուպեր Սաքո անունը լիովին, մինչև վերջ բնութագրում է։
«Ի՞նչ պետք է հարցնեմ նրան, նա ի՞նչ պետք է պատասխանի ինձ, ու մենք ի՞նչ պետք է քննարկենք, մեր միջև առհասարակ խոսելիք ու քննարկելիք չի կարող լինել։
Հավանաբար, սա դիտամբ է արվում, որովհետև նման փայլուն գովազդ, մասնավորապես՝ մեր քննարկումներով ապահովված փայլուն գովազդ, նա կերազեր երբևէ ունենալ։ Ինքս չգիտեմ՝ նա ինչպիսի «մեծություն» է իր ոլորտում, հետևաբար՝ պետք է շրջանցել այս մարդկանց անունները, խնդիրը նրանք չեն, խնդիրը երևույթներն են։ Ժամանակին կրկին մեկ ռաբիս, անունն իսկապես մոռացել եմ, նույնն բան էր ասում գրեթե Կոմիտասի մասին, այդ ժամանակ ես անզգուշություն ունեցա նրան պատասխանել։ Ասում էր՝ «քանի որ Կոմիտասը կրթվել է Գերմանիայում, գերմանացիների նման չորացրել է մեր երաժշտությունը, ամբողջ համն ու հոտը հանել է ու դարձրել է սխեմատիկ»։
Մեկ այլ ռաբիս երգիչ էլ՝Թաթա Սիմոնյան անուն-ազգանունով, Սայաթ-Նովային հակադրեց Կոմիտասին, սրան էլ ենք պատասխանել, ի դեպ, այն ժամանակ Հանրայինի եթերում կարելի էր պատասխանել ինչ-որ մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մհեր Նավոյանը՝ անդրադառնալով Հանրայինի եթերում հեռարձակվող հաղորդումներից մեկին, որի ընթացքում հյուրը՝ Սուպեր Սաքոն, Կոմիտասի մասին խեղաթյուրված, իր իմացած տեղեկություններն էր հայտնել։
Մեր զրուցակցի մեկնաբանությամբ՝ այս ամենն անվերջ պրոցես է, երբ սկսում են մեկին պատասխանել, մեկ ուրիշն է սկսում խոսել, ինչը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Հետևաբար՝ պետք է խոսել երևույթների մասին։
«Ինչո՞ւ է Հանրային հեռուստաընկերությունը նման բան անում՝ բնավ պատահական չեմ համարում։ Եթե նույնիսկ հաղորդման վարողը պատահաբար է դա անում, կամ իրեն թվում է, թե հետաքրքիր շոու է կազմակերպում և անմեղ բան է անում, բայց նրանք, ովքեր վարում են Հանրայինի քաղաքականությունը, եթե կա այդպիսին, ովքեր ֆինանսավորում են հաղորդումները, կամ հրավիրում նման հյուրերի ու հաղորդավարների, նրանց համար բնավ պատահական բան չկա։ Սա օվերտոնի պատուհանի պես բան է, սա հայտնի բան է, որը հիմա շատ ենք քննարկում, որը հասարակության վրա ազդող կարևոր մեխանիզմներից մեկն է։ Որն է այդ օվերտոնի պատուհանի դերն այս դեպքում, հասարակությանը սովորեցնել ջարդել սեփական մեծություններին, քննարկելի դարձնել առնվազն, հետո ջարդել, նսեմացնել, ծաղրել, իսկ հետո սկսել արծարծել սեփական ինքնության կերպարների լավ ու վատ լինելը, հետո ջախջախել նաև դրանք։ Այդպես են անում, որպեսզի հանրությունը քայքայվի, վերջում կպատվաստեն կեղծ ինքնություն կամ չեն պատվաստի»,- հավելեց Մհեր Նավոյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ վաղուց այս հարցը լուծել են Վարդան Մամիկոնյանի հետ, այժմ այդ պրոցեսի մեջ է Տիգրան Մեծը, հայոց լեզուն։
«Հանրայինի եթերում մեր ժամանակների ամենակարկառուն դեմքերից մեկն ամեն երեկո գնդակահարում է հայոց լեզուն, ջախջախում մայրենին, սրանք ինքնության հարցեր են, չէ՞։ Ուրեմն՝ Կոմիտասի վրա հարձակումը հարձակում է ինքնության վրա։ Այսպես եմ գնահատում»,- եզրափակեց Մհեր Նավոյանը։
Բացասական առումով, աղմուկ հանած այս հաղորդումից հետո, հատկապես սոցիալական ցանցերում մասնագետներն ու ոչ մասնագետները քննադատում և պահանջում են՝ Հանրայինի տնօրինության հեռացում, ներողություն խնդրել հանրությունից Կոմիտաս Վարդապետի անունը պախարակող հաղորդումը եթեր հեռարձակելու համար, հեռացնել հաղորդումը յութուբյան ալիքից:
168.am–ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Հանրային հեռուստաընկերությունից, սակայն պահանջեցին գրավոր հարցում։ Հարցումն ուղարկել ենք, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։