Նիկոլը հենց այդ մարդկանց ձեռքով էլ գնալու է. Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ցավով է արձանագրում և իր հրապարակային խոսքում անընդհատ ստիպված է կրկնել «այն, որ Փաշինյանը հանձնում է Արցախը, մենք դա ասել ենք՝ ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ՝ դրանից հետո» նախադասությունը։
Մամիջանյանը մինչև հիմա իրենց չհավատացող մարդկանց խնդրում է, եթե այսքանից հետո չեն հավատում իրենց, գոնե թող հավատան հայ ազգի գլխին կոտրված Նիկոլ Փաշինյանին, որը շատ ուղիղ հայտարարում է՝ ստանձնել է պատասխանատվություն՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու համար։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով կիրակի օրը Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո տարածված հայտարարությանը, հանրությանը փոխանցեց Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղը, և հորդորել էր Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ։
Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկավարը, ընդդիմությունը ձախողվել է, և դրա համար պատասխանատվություն պետք է կրի յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ։
Հարցին՝ պատասխանատվության ինչպիսի՞ տարբերակներ է պատկերացնում ընդդիմությունը, Մամիջանյանը պատասխանեց.
«Միլիոն տարբերակ կա։ Իսկ Փաշինյանի պատասխանատվությունը դրսևորվելու է մեկ ձևով՝ գծերով արև է տեսնելու՝ շատ երկար, կարծում եմ՝ ցմահ։ Ինչ վերաբերում է ընդդիմության պատասխանատվությանը, ապա այն արագ է վրա հասնում, որովհետև մեր ժողովուրդը շատ խելոք է ու տարբերում է թացը չորից։ Շատ հստակ հասկանում է, թե ով, երբ, ինչ է արել իշխանափոխության համար»,– ասաց Մամիջանյանը։
Հարցին՝ եթե ժողովուրդը շատ լավ կարողանում է հասկանալ՝ ով ինչ է արել, արդյո՞ք հրապարակված վերջին սոցիոլոգիական հարցման տվյալներով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ցածր վարկանիշը ժողովրդի շատ լավ հասկանալու և թացը չորից տարբերելու արդյունք է, Մամիջանյանը պատասխանեց.
«Մեր դաշինքը վարկանիշի համար որևէ բան հատուկ չենք էլ արել, բայց ինձ համար վերջին հարցման տվյալներում կարևոր էր այն, որ հարցվածներն իշխանություններին էին համարում վերջին իրադարձությունների մեղավորը, ոչ թե այլոց, համարում էին, որ Ալեն Սիմոնյանը թքելու համար պետք է պատասխան տա»։
Ըստ Մամիջանյանի՝ կարևոր է, որ քաղաքացիները տեսնեն իրականությունը, զարթնեն ու պատիվ պահանջեն Նիկոլ Փաշինյանից՝ իրենց խաբելու համար։
«Խաբել է իրեն հավատացողներին, որովհետև ես Փաշինյանին երբեք չեմ էլ հավատացել, ուստի իշխանափոխությունը մենք հենց նրան հավատացած մարդկանց հետ ենք անելու։ Նիկոլը հենց այդ մարդկանց ձեռքով էլ գնալու է. նրանց մի մասին պատասխան է տալու խաբելու համար, ինձ՝ Արցախը հանձնելու, այնպես որ, ամեն մեկն իր պատասխանն ունի ստանալու Փաշինյանից։ Իմ կարծիքով, լինելու է շատ մեծ ճնշում, ալիքը քշելով տանելու է ամեն մի կեղտ։ Ժողովրդի ձայնը Փաշինյանը լսելու է, ուրիշ ելք չունի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։