«Գտնվել է այն մարդը, որը կիրագործի Փաշինյան-Ալիև պլանի քայլերը». Էդուարդ Շարմազանով

Մայիսի 15-ին Ստեփանակերտի հրապարակում Սամվել Բաբայանի կողմնակիցները պահանջ էին ներկայացրել Արցախի իշխանություններին՝ պետնախարարի պաշտոնում նշանակել Սամվել Բաբայանին: Պահանջին արձագանքեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. «Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ»:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, հենվելով Հայաստանի պրոիշխանական շրջանակների ակտիվ քարոզչության, 44-օրյա պատերազմում Սամվել Բաբայանի դերակատարության և նրա տարբեր հայտարարությունների վրա, համոզված է, որ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանի հետ նույն գծի մեջ է:

«44-օրյա պատերազմի ժամանակ Սամվել Բաբայանը եղել է Արցախի ԱԽ քարտուղարը, որը ունեցել է լայն լիազորություններ: Արցախի նախագահը երբ Սամվել Բաբայանին ԱԽ քարտուղար էր նշանակում, օժտել է լայն լիազորություններով: Կան կադրեր, որտեղ Սամվել Բաբայանը զինվորական համազգեստով այնտեղ է: Իհարկե, Նիկոլից ավելի շատ մեղավոր չկա, բայց նույն Սամվել Բաբայանն ու Արայիկ Հարությունյանը պատասխանատու են այդ պարտության համար: Այնպես չէ, որ պատերազմի վերջին օրը հրաժարական են տվել, նշանակում է՝ իրենք պատասխանատու չեն: Սամվել Բաբայանը չէ՞ր, որ կողմ էր արտահայտվում ադրբեջանական կապիտալի մուտքին՝ Կաշենի հանքավայր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

2023թ. փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սամվել Բաբայանն ասել էր, որ դեմ չէ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան: «Ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանցի ա կամ պարսիկ ա, կամ ռուս ա ներդրում անում, էդ ապրանքը վաճառում։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանը այստեղ ներդրում ա անում և հարկերը վճարում ա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որը ինքը չի ճանաչում։ Հիմա ո՞րն ա ճիշտը։ Չի ուզի, ցույց կտա, որ ինքը չի ուզում փոխվստահություն, ուզում ա կոնֆլիկտ, մենք էլ միջնորդներին ցույց կտանք, որ ուզում ա կոնֆլիկտ»,-ասել էր Սամվել Բաբայանը:

Կարդացեք նաև

Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Արցախում նախկինում 50 հազարանոց հանրահավաքներ են եղել, բայց Հայաստանի պրոիշխանական շրջանակներն անդրադառնում են հենց Սամվել Բաբայանի կազմակերպած սակավամարդ հանրահավաքին. «Սամվել Բաբայանը ինչպե՞ս կարող է դեմ լինել Նիկոլ Փաշինյանին, նրանք 44-օրյա պատերազմի պարտության մարմնավորողներն են: Սա է փաստը: Եթե Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չլինեին այսօրվա Սամվել Բաբայանի գործողությունները, այդպես չէին աջակցի: Ռուբեն Վարդանյանի վրա բոլորով հարձակվել էին, իսկ Սամվել Բաբայանի դեպքում Նիկոլ Փաշինյանի հաճախորդներն իրար հերթ չտալով՝ Ֆեյսբուքում գրառումներ են կատարում: Մենք գիտենք, չէ՞, որ Սամվել Բաբայանը Ռուսաստանում ոչ միանշանակ է ընկալվում, և սա նաև ռուս խաղաղապահների դեմ է ուղղված: Ակնհայտ է, որ տեղի է ունենում Արայիկ Հարությունյանի վրա ճնշում կամ պայմանավորված գործընթաց՝ Նիկոլ Փաշինյանի դրածո, գործընկեր կամ բարոյական աջակից Սամվել Բաբայանին որոշակի իշխանություն տալու համար, որն ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ»:

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար հարմար թեկնածու գտնելն է. «Պետք է մեկը, չէ՞, որ Նիկոլ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններով գնա երկխոսության: Ո՞վ է լինելու այդ մեկը, իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը: Վերջ, այս ամենը դրա համար է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը սկսվի, բայց իրականում այն Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն է՝ Բաքվի տակ»:

2023թ. փետրվարի 21-ին Սամվել Բաբայանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի իշխանություններին առաջարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու իր պատկերացրած լավագույն լուծումը՝ գնալ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։

«Եթե կա ցանկություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ապա ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում։ Պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ դրանով ով է բանակցելու, հետաքրքիր չէ»,- ասել էր Սամվել Բաբայանը:

Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ այդ պարագայում կասեն՝ Ադրբեջանի հետ հաշտ ենք, ռուս խաղաղապահների կարիքը չկա. «Չեմ բացառում, որ սա Բրյուսելում Ալիև-Փաշինյան համաձայնեցված գործընթաց է, և պետք է մեկը, որն այնտեղ կատարի Ալիև-Փաշինյան պլանի քայլերը, այդ մարդն էլ գտնվել է, էլի: Սամվել Բաբայանին պետք է իշխանություն, թե այդ իշխանությունը ինչպես կկոչվի՝ Բաքվի տակ, Երևանի, Բրյուսելի թե Մոսկվայի, այդքան էական չէ նրա համար: Ուղղակի նայեք, թե ինչպես են Փաշինյանի աջակիցներն ու թիմակիցները երեկվա միտինգը կարևորում, և թե նախկին 50-60 հազարանոց միտինգների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեին, և ամեն ինչ պարզ կդառնա: Ես չեմ բացառում, որ Երևանի ճնշման արդյունքում երեկ Արայիկ Հարությունյանը որոշեց քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել: Արցախում գնում է իշխանությունը կիսելու կամ փոխանցելու գործընթաց, թե հիմա ում տեսքով դա կլինի, երկրորդական է»:

Շարմազանովը նկատեց՝ Սամվել Բաբայանն այս ընթացքում ավելի շատ քննադատում է Արցախի և Հայաստանի նախկին իշխանություններին, քան Շուշին հանձնած Նիկոլ Փաշինյանին. «Սա պետք է հարցեր առաջացնի, չէ՞»:

Տեսանյութեր

Լրահոս