Ի՞նչ կտա Քըլըչդարօղլուի հնարավոր հաղթանակը Հայաստանին․ Թուրքիան պատրաստվում է ընտրական երկրորդ փուլին

Թուրքիայում պաշտոնապես նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ առաջին փուլում քվեարկության արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհաղթահարեց 50 տոկոսի շեմը։

Թուրքական պետական Անադօլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը։ Հաղորդվում է, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։

Քվեարկության երկրորդ փուլին կմասնակցեն գործող նախագահ և «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը և ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Բարձրագույն ընտրական խորհրդի որոշումից հետո պաշտոնապես մեկնարկել է երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավը։ Քարոզարշավը ռադիոյով և հեռուստատեսությամբ կսկսվի մայիսի 24-ին, իսկ թեկնածուների նախընտրական քարոզարշավը կավարտվի մայիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18:00-ին։ Սպասվում է, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 1-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Այսպիսով նախագահի թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, հետևաբար՝ մայիսի 28-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Գնահատելով առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլում թեկնածուներից յուրաքանչյուրի հաղթանակի հնարավորությունները, ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ընտրությունները դարձան Էրդողանի քաղաքական կարիերայի ամենաբարդ ու ծանր ընտրությունները, որոնք կարող են նույնիսկ ճակատագրական դառնալ նրա՝ որպես երկրի ղեկավար, ապագայի տեսանկյունից:

Ըստ նրա, երկրի ընդդիմադիր թևը շատ գրագետ աշխատեց, որի արդյունքում էլ Քըլըչդարօղլուն ստացավ ձայներ, որը գուցե այլ իրավիճակում չստանար, և այս դեպքում Քըլըչդարօղլուի «բախտը բերեց», նրա շուրջ ձևավորվեց բարենպաստ իրավիճակ:

«Այս ամենի արդյունքում ընդդիմության հռետորաբանությունն էլ ավելի վստահ է դարձել, բնականաբար, հաղթելու հնարավորությունները երկրորդ փուլում բավականին բարձր են։ Բայց պետք է նաև հաշվի առնել, որ Էրդողանն ավելի մեծ եռանդով է պայքարելու հաղթանակի համար, ռեսուրսներ է ներդնելու, սակայն դա ևս սահմանափակ նշանակության հանգամանք է, ուստի վստահաբար ասել՝ ինչպիսի պատկեր կձևավորվի՝ շատ բարդ է։ Բայց փաստ է, որ Էրդողանի ղեկավարի պաշտոնն առաջին անգամ իրական վտանգի տակ է ընդդիմության ճիշտ համախմբման արդյունքում։ Այնուամենայնիվ ցանկացած պարագայում հետընտրական զարգացումները բավականին թեժ են թվում»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, Ռուսաստանում ուշի ուշով են հետևում թուրքական ներքաղաքական զարգացումներին։

Նադեին-Ռաևսկիի խոսքով, ակնհայտ աջակցելով Էրդողանին, ՌԴ իշխանությունները նաև զգուշավոր են իրենց հայտարարություններում, քանի որ հասկանում են, որ Թուրքիայում կարող է իրավիճակ փոխվել և ՌԴ ցանկացած անմտածված քայլ ու հայտարարություն այս փուլում կարող է ռուս-թուրքական հետագա հարաբերությունների համար մարտահրավեր դառնալ, ինչը չափազանց անցանկալի է այս պահին Ռուսաստանի համար։

«Ռուսաստանում հստակ հասկանում են, և եղան ընդդիմության կողմից հայտարարություններ, որ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում ռուս-թուրքական հարաբերություններն էական փոփոխություններ կապրեն, կվատթարանան։ Իսկ Ուկրաինայի հատուկ գործողության ֆոնին Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար էլ ավելի է մեծացել, ու սա շատ բացասական զարգացում կարող է դառնալ ՌԴ-ի համար։

Որոշակիորեն, ակնկալվում է, որ կփոխվի նաև Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների որակը, ամենայն հավանականությամբ, Քըլըչդարօղլուն ընտրվելու դեպքում կվերացնի այն լարվածությունը, տարաձայնությունները, անվստահությունը, որը կար Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում վերջին տարիների ընթացքում։ Արևմուտքն էլ իր ակնհայտ ֆավորիտն ունի, որը Քըլըչդարօղլուն է, և արևմտյան մամուլը մեծ թափով աշխատում է այս թեկնածուի օգտին։

Այս ամենի ֆոնին ասել, որ Էրդողանը շատ թուլացած է, որ այս անգամ ստացել է չափազանց քիչ ձայներ, սխալ կլինի, պարզապես նա չկարողացավ ստանալ 50+ ձայներ՝ խուսափելու համար երկրորդ փուլից, որը նա այդքան ցանկանում էր։ Ավելի մեծ դերակատարություն ունեցավ ընդդիմադիր քաղաքական ուժերի ճիշտ աշխատանքը»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է հնարավոր ռեգիոնալ զարգացումներին, ապա Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում ռուս թուրքագետն էական փոփոխություններ չի ակնկալում թուրք-ադրբեջանական հարաբերություններում, թեև Ադրբեջանում ևս, մեղմ ասած, չեն համակրում Քեմալ Քըլըչդարօղլուին։

«Չեմ կարծում՝ այս հարաբերությունների կոնցեպտը, սերտ եղբայրությունը որևէ փոփոխություն կկրի, թեև Էրդողան-Ալիև հարաբերությունների դեպքում կա անձնական գործոնը, բայց Ադրբեջանը ստիպված է լինելու հարմարվել»,- նկատեց նա։

Խոսելով այս փոփոխությունների հնարավոր ազդեցությունից ՀՀ-ի համար՝ վերլուծաբանն ասաց, որ Էրդողանի հաղթանակի դեպքում, բնականաբար, ռեգիոնալ իրավիճակը կշարունակվի մոտավոր այն նույն կոնտուրներով, ինչ մինչ այժմ։

«Իսկ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Թուրքիայի արտաքին և ռեգիոնալ քաղաքականության մեջ կթուլանա ՌԴ ազդեցությունը, կմեծանա Արևմուտքի ազդեցությունը։ Բնականաբար, այս դեպքում ռեգիոնալ համակարգողի դերը Արևմուտքը կվստահի Թուրքիայի այդ իշխանություններին, որոնք, ըստ արևմտյան պլանի, չպետք է որևէ համագործակցություն ունենան Ռուսաստանի հետ։ Սա ամենաէական հանգամանքն է։

Մնացած հարցերում, կարծում եմ, Թուրքիային, օրինակ, ռեգիոնալ քաղաքականության տիրույթում ազատություն կտրվի, և Թուրքիան էլ ավելի կմեծացնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Բայց ես չեմ կարծում, թե Քըլըչդարօղլուն որակապես Էրդողանից ավելի լավ կամ վատ կլինի Հայաստանի հետ հարաբերությունների դեպքում։ Այստեղ, բնականաբար, Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել՝ պահպանելու համար իր թելադրանքի ռեժիմը հայ-ադրբեջանական հարցերի վերաբերյալ, իսկ հայ-թուրքական օրակարգում ես անձամբ որևէ փոփոխություն չեմ ակնկալում։ Ակնկալել, որ Քըլըչդարօղլուի հաղթանակը լուծելու է ՀՀ խնդիրները՝ պարզապես միամտություն է, և դա նաև սեփական հստակ քաղաքականությունը չունենալու, այն առաջ մղել չկարողանալու նշան է։ Անկախ բոլոր արտաքին զարգացումներից՝ ՀՀ-ն պետք է իր ուղեգիծն ու ռազմավարությունն ունենա»,- ասաց ռուս թուրքագետը։

Տեսանյութեր

Լրահոս