«Արցախում վատ նախադեպ է ստեղծվել. եթե համախմբում չեղավ, կորցնելու ենք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը». Դավիթ Գալստյան
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ բրյուսելյան հանդիպման պայմանավորվածությունների հիման վրա որևէ փաստաթուղթ ստորագրելու դեպքում Նիկոլ Փաշինյանը ենթարկվելու է պատասխանատվության:
«Շառլ Միշելի հայտարարությունն ընդամենն Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների արձանագրումն էր, որը ներկայացվեց հանրությանը: Մենք այստեղ գնահատում ենք, որ այդ հայտարարության հիմքում Նիկոլ Փաշինյանի համաձայնությունն է ընկած, որը հակասում է ՀՀ Գերագույն խորհրդի որոշմանը: Հետագայում Փաշինյանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ լեգիտիմություն չի ունենա: Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, ապա Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությամբ և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն է կրելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է ստորագրել, դրանից հետո տարբեր փաստաթղթեր է ստորագրել՝ սկսած Գորիս-Կապան ճանապարհի հատվածն Ադրբեջանին զիջելուց, Արցախի երեք գյուղերը դատարկելուց, և դրանից հետո որևէ պատասխանատվության չի ենթարկվել, նա արձագանքեց. «Այդ ամենի համար նա պատասխանատվություն կրելու է: Ճիշտ եք նշում, որ ժամանակ է անցել, դեռ պատասխանատվություն չի կրել, բայց դա չի նշանակում, որ չի էլ կրելու»:
Դավիթ Գալստյանի խոսքով՝ Արցախում իրավիճակը մտահոգիչ է. «Շրջափակման մեջ ենք ու հիասթափված և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանություններից: Արցախի իշխանություններն այսօր Հայաստանի իշխանությունների ածանցյալն են: Արցախի իշխանությունները պետք է հայտարարությամբ հանդես գան և արգելեն Նիկոլ Փաշինյանին, Արցախի ինքնորոշման իրավունքից բացի՝ որևէ այլ հարց քննարկել Արցախի վերաբերյալ: Քանի որ նրանք դա չեն անում, նրանք այսօր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը համաձայնություն են տալիս»:
Մայիսի 15-ին Ստեփանակերտի հրապարակում Սամվել Բաբայանի կողմնակիցները պահանջ էին ներկայացրել Արցախի իշխանություններին՝ պետնախարարի պաշտոնում նշանակել Սամվել Բաբայանին: Պահանջին արձագանքեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. «Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ»:
Դավիթ Գալստյանից հետաքրքրվեցինք ՝ ի՞նչ է կատարվում Արցախում, ի՞նչ գործընթացների է տանում այս ամենը, ի՞նչ մտավախություններ ունի՝ կապված այս իրավիճակի և Սամվել Բաբայանի գործոնի հետ:
«Սամվել Բաբայանի գործոնի հետ կապված ընդհանրապես մտավախություններ չունեմ, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ ինչ ճանապարհով պայքարել: Հաշվի առնելով, որ նա քաղաքական ուժի առաջնորդ է, իր քաղաքականությունն այդպես է վարում: Բայց վատ նախադեպ է ստեղծվել Արցախում, որ մի քանի տասնյակ, մի քանի հարյուր կամ, ինչո՞ւ ոչ՝ հազար հոգով, եթե պահանջ են դնում պաշտոնի, և դա ընկալվում է օրվա իշխանությունների կողմից՝ որպես հանրային պահանջ, և տրվելով այդ պահանջին՝ կառավարություն են ձևավորում: Իշխանության մեջ մեկը մյուսի հետ համերաշխ չէ, դա, իհարկե, վատ սցենար է: Եթե ընդհուպ կառավարությունն այսօր համերաշխ չէ, նրանց ընդունած որոշումները միասնական կյանքի չեն կոչվելու, քանի որ իրենց մեջ կան հենց այդ տարաձայնությունները, նրանք մեկը մյուսին ոչ թե լրացնում են, այլ մեկը մյուսի համար խոչընդոտ են հանդիսանում, տարակարծիք են և չունեն ընդհանուր նպատակներ: Բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր անձից կախված պաշտոնում նշանակվելուց հետո ոլորտի քաղաքականություն է փոխվում, չկա մշակված ծրագիր, որով միասնական առաջ շարժվեն: Եվ հենց դա է այսպիսի ճգնաժամային իրավիճակների հասցնում, որը հաղթահարելը շատ դժվար է, որոշների կարծիքով՝ անհնարին»,- ի պատասխան՝ ասաց նա:
Ինչ վերաբերում է այն քննարկումներին, թե ի՞նչ է անում այս դեպքում Արցախի ընդդիմությունը, որ Արցախը չհայտնվի Ադրբեջանի կազմում, Դավիթ Գալստյանը հետևյալն ասաց. «Մեր ամենօրյա բարձրացրած այս խնդիրներով մենք փորձում ենք հանրությանը բերել այն դաշտ, որ չի կարող այսօրվա իշխանությունը դուրս գալ այս իրավիճակից, երբ նա չի համագործակցում այլ քաղաքական ուժերի հետ: Թեպետ և հաճախակի են բարձրաձայնում, որ միասնության, համախմբման կողմնակից են, բայց իրենք արհեստականորեն և՛ հայտարարում են, և՛ ստեղծում բևեռներ, շարժվում են «պառակտիր, որ տիրես» բանաձևով: Մենք պետք է հասարակությանը կարողանանք համախմբել նպատակի շուրջ, որպեսզի կարողանանք հաղթահարել: Եթե համախմբում չեղավ, կորցնելու ենք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը»: