Բաժիններ՝

Մակրոնը կհանդիպի Մասկի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հանդիպում կանցկացնի Twitter և Tesla ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկի հետ Վերսալում կայանալիք Choose France («Ընտրիր Ֆրանսիան») տնտեսական խորհրդաժողովից առաջ: Այդ մասին հայտնում է BFM պարբերականը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրի։

Նշվում է, որ հանդիպմանը կքննարկվեն ԵՄ-ում Twitter-ի աշխատանքի հարցը, ինչպես նաև «կանաչ» արդյունաբերության թեման՝ Tesla-ի գործունեության համատեքստում։ Մակրոնի հետ բանակցություններից հետո Մասկը հրավիրվել է աշխատանքային ճաշկերույթի Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերի հետ։

Իր հերթին ТАСС-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ելիսեյան պալատում հայտնել են, որ Choose France խորհրդաժողովի ընթացքում ֆրանսիական բիզնեսը հույս ունի միջազգային ներդրողներից 13 միլիարդ եվրո ներգրավել տարբեր նախագծերի համար: Այդ նախագծերից մեկը ենթադրում է 5,2 միլիարդ եվրոյի ներգրավում Թայվանի Prologium կոնցեռնի ֆաբրիկայի համար՝ նոր սերնդի մարտկոցների արտադրության նպատակով, որի շնորհիվ կստեղծվի, ընդհանուր առմամբ, 3 հազար աշխատատեղ։

Նույն վայրում Չինաստանի XTC տեխնոլոգիական ընկերության և Ֆրանսիայի Orano-ի համագործակցությամբ 1,5 միլիարդ եվրոյով կկառուցվի բաղադրամասերի արտադրության և մարտկոցների վերամշակման գործարան։

Մնացած միջոցները կներգրավվեն ամենատարբեր բնագավառների նախագծերի համար՝ դեղագործությունից մինչև կահույքի արտադրություն: Համաժողովի աշխատանքին կմասնակցի Ֆրանսիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս