Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունը՝ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ

«Բրյուսելյան ձևաչափով» հերթական հանդիպումը կարևոր է կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խրախուսելու տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, հաղորդում է Trend-ը։

«Մայիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այս ձևաչափով Եվրոպական խորհրդի նախագահի կողմից կազմակերպված հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունքային ենք համարում երկու երկրների հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։ Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցության վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու համար։

Հատկապես կարևոր է պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ևս մեկ հաստատումը, Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումն այս համատեքստում։

Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման և հարգման վրա, միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։

Մենք ողջունում ենք ջանքերն այս ուղղությամբ՝ նպաստելով հարաբերությունների կարգավորման առաջընթացի ձեռքբերմանը, վերահաստատելով մեր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը այդ նպատակը հետապնդող միջազգային գործընկերների հետ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս