Բաժիններ՝

ԿԳՄՍ նախարարությունը կդադարեցնի Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը. բռնցքամարտիկը բանակ կգնա

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով:

Հիմնավորման մեջ ասվում է, որ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի մայիսի 4-ի N 01/256 գրությամբ (պահանջվող փաստաթղթերի փաթեթը) ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` Էրիկ Արամի Իսրայելյանին շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու համար:

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը և «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության վերը նշված գրությունը՝ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էրիկ Արամի Իսրայելյանին բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության 1-ին տեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության տարկետում տրվել է՝ միչև 2026 թվականի ձմեռային զորակոչը:

««Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի մայիսի 4-ի 01/256 գրությամբ դիմել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի ընդգրկվել ՀՀ բռնցքամարտի հավաքականների կազմում և անհրաժեշտ է դադարեցնել նրան տրամադրված տարկետումը»,- գրված է ԿԳՄՍ որոշման հիմնավորման մեջ:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ավելի վաղ բռնցքամարտիկի անվան շուրջ աղմուկ էր բարձրացել։ Նա հայտարարել էր, որ ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։

Էրիկ Իսրայելյանը նշել էր, որ չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը գրանցած մարզական հաջողությունների համար: ԿԳՄՍ նախարարությունն իր հերթին՝ հանդես էր եկել պարզաբանմամբ՝ հայտնելով, որ նախարարի տարբեր հրամաններով բռնցքամարտիկը, ի թիվս ՀՀ մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած բազմաթիվ այլ մարզիկների, ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:

Մասնավորապես, ըստ ԿԳՄՍ-ի, 2022 թվականի հունվարի 1-ից՝ 1 տարի շարունակ, բռնցքամարտիկը 2021 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ստացել է անվանական թոշակ՝ ամսական 120 հազար դրամի չափով: 2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ստացել է ամսական 150 հազար դրամ նպաստ, իսկ դեկտեմբերից՝ արդեն որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, Իսրայելյանին հասանելիք ամսական նպաստի չափը կազմել է 200 հազար դրամ: 2022 թվականի դեկտեմբերին բռնցքամարտիկը միանվագ 800 հազար դրամ տարեվերջյան պարգևատրում է ստացել՝ որպես երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող, ևս 1,5 մլն դրամ միանվագ աջակցություն ստացել է՝ որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:

ԿԳՄՍՆ-ն հայտնել էր նաև, որ «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար մարզիկին հատկացվող նպաստը 2023 թ. հունվարի 1-ից կազմում է ամսական 200 հազար դրամ, իսկ անվանական թոշակի չափը՝ ամսական 240 հազար դրամ /վերը նշված գումարները ներկայացված են՝ չներառելով հարկերը և տուրքերը/:

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս