«ՄԻ ԲԱՐՁՐ ՏԵՂ Նախընտրական. աշուն 2018». Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը

ՄԻ ԲԱՐՁՐ ՏԵՂ

Նախընտրական. աշուն 2018

1.

Մոտեցնում են աշխուժորեն

Անբովանդակ հրաշալին.

Մի բարձր տեղ նստեմ խաղաղ,

¬Ծիծաղելով նայեմ նորեն

Ընտրյալներիդ ընտրարշավին։

շ

Վազվզում են խելապատառ,

Որ մտնեն այս կամ այն ցուցակ.

Բարձր մի տեղ նստեմ խաղաղ,

Տեսնեմ՝ այսքան աննպատակ

Ոնց են անում Քեզ ցիրուցան։

3

Արեւմուտքից խմբով կգան,

Հյուսիսներից՝ խմբով մի այլ.

Տեղ մի բարձր նստեմ խաղաղ,

Դիտեմ պարը այս խելագար՝

Անհոդաբաշխ ու անդայլայլ։

4.

Ընտրապայքարն ամենաթեժ

Վարելու է խումբը գժի.

Խաղաղ նստեմ բարձր մի տեղ,

Նայեմ աչքով ամենատես՝

Ոնց եք ընտրում լորտու-իժին։

5.

Շարժելու է զորագնդեր՝

Ոստիկան ու դիպուկահար.

Խաղաղ՝ բարձր մի տեղ նստեմ,

Ու հետեւեմ հույժ ակնդետ

Ընտրողներին սարսափահար։

6

էլ թալանչի, էլ դավաճան՝

Ղժժալու են ջահել, ավագ.

Տեղ մի բարձր խաղաղ նստեմ

Ու վայելեմ էս անվախճան

Գժանոցը համահավաք։

7

Չկա նախկին, չկա ներկա՝

Խաբելու են խոսք ու փողով.

խաղաղ նստեմ մի բարձր տեղ,

Մինչեւ կրկեսն անհամ-երկար

Դառնա Ազգա-խառնա-ժողով։

Հ.Գ.

Էս էլ կանցնի՝ մի պատի տակ՝

Բ-ի, Գ-ի քառասունին.

Բարձր՝ խաղաղ մի տեղ նստեմ,

Դիմավորեմ նոր խեղկատակ

Քաղաքական անասունին։

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս