«Ակնկալիքներ չունենք, միակ բանը Փաշինյանի կողմից Արցախի վերջնական հանձնումն է». Մետաքսե Հակոբյան

Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ չնայած ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ գնացել է բախումների, ինքը բրյուսելյան հանդիպումից չի հրաժարվի։

Արցախում ի՞նչ սպասելիքներ ունեն Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումից։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով այդ հարցին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի կազմում Արցախը որևէ կարգավիճակ չի ունենալու։ Այսինքն՝ միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար ու տարբեր առիթներով կրկնում է, թե Արցախի հարցով Ադրբեջանի հետ պետք է բանակցեն արցախցիները, բայց դրսում միջազգային հարթակներում և հարցազրույցներում, ըստ էության,  ընդունում է  թշնամու պնդած խոսքն ի գիտություն։

«Մենք ակնկալիքներ չունենք, միակ բանը Փաշինյանի կողմից Արցախի վերջնական հանձնումն է։

Կարդացեք նաև

Պատահական չէ, որ ես ավելի շատ Հայաստանից եմ խոսում, քան Արցախից, նախ, որովհետև մենք Արցախը Հայաստանից անջատ չենք տեսնում, և Աստված ոչ անի, եթե չլինի Արցախ, չի լինելու նաև Հայաստանը։ Պետք է բացել և ուղղակի նայել պատերազմից առաջ Արցախ-Հայաստան քարտեզը, մենք միջազգային հարթակներում ասում էինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, բայց իրականում հակառակն էր։ Հիմա մեր վերահսկողության տակ չէ Հադրութը, Քաշաթաղը, դրա արդյունքում, տեսեք՝ ինչ վիճակում է  Սյունիքը, մեր վերահսկողության տակ չէ  Քարվաճառի շրջանը, արդյունքում՝ Գեղարքունիքի մարզն ունեցավ անվտանգային խնդիրներ»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ միֆ են այն հայտարարությունները, թե հայերն ու ադրբեջանցիները խաղաղ կապրեն, ճանապարհները կբացվեն, և տնտեսությունը կզարգանա։

«Այդ ամենի արդյունքում մի քանի առևտրական կարող է գնալ ու Հայաստան բերել  քըրջ ու փալաս, կամ թուրքական լոլիկ ու վարունգ, պարալիզացնել երկրի գյուղատնտեսությունը, այս պայմաններում չպետք է սպասել տնտեսության զարգացման, սրա մասին նաև տնտեսագետներն են խոսում։ Այսօր Հայաստանի տնտեսությունը նույն իրավիճակում է, ինչ Արցախը, այսինքն՝ պարալիզացվել է  Սոթքի հանքավայրը, նույնը Կաշենի հանքավայրը։ Մի օր Հայաստանում արթնանալու են ու տեսնեն այնպիսի իրավիճակ, ինչ Արցախում է այսօր։ Մենք այսպես ենք ասում, որովհետև ոչ թե ուզում ենք այդպես լինի, այլ ասում ենք, որովհետև տեսնում ենք։

Հետևաբար՝ այս պայմաններում ակնկալել Նիկոլ Փաշինյանից, որ կարող է որևէ բան փոխել հօգուտ հայկական շահի, միամտություն կլինի։ Նույնը չենք կարող ակնկալել Արցախում՝ ունենալով նման իշխանություններ»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ միակ ակնկալիքն այն է, որ չլինի Նիկոլ Փաշինյանը՝ հանուն Հայաստանի ու Արցախի փրկության, նույնը վերաբերում է նաև Արցախի իշխանություններին։

«Այնպես որ, մենք որևէ լավ բան չենք ակնկալում։

Այսօր ի դեմս Ռուսաստանի՝ Հայաստանը կորցրել է իր դաշնակցին, ամբողջությամբ գտնվելով Արևմուտքի ճիրաններում, ինչը նշանակում է՝ լինել Թուրքիայի ու Ադրբեջանի ճիրաններում»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ 2021 թվականի ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու՝ իրեն ներկայացված պահանջների մասին, այդ օրվանից սկսած նա և իր թիմը սկսեցին բացեիբաց մասնակցել Արցախի հանձնման գործընթացին։

«Այս ամենին հաջորդեցին Փառուխի ու Քարագլխի դեպքերը, սրանք այդ հայտարարության արդյունքն էին։ Դրանից հետո ՀՀ իշխանությունները սկսեցին մեղադրել ռուսական կողմին՝ արդարացնելով ադրբեջանական կողմի ագրեսիան։ Հիմա ի՞նչ է կատարվում, նրանք այլևս չեն թաքցնում, որ արցախյան հարցը չի դիտարկվում նույն եռակողմ հարթակում, այլ ամբողջովին հանձնել են երկկողմ հարթակին՝ Ռուսաստանին ու Ադրբեջանին»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս