Հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ ապակենտրոնացված համագործակցությանը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում ակտիվ համագործակցություն է ծավալվում մեր երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ:
Անդրադարձ է եղել Թբիլիսիում օրերս տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ անդրանիկ նիստին եւ մայիսի երկրորդ կեսին Վրաստանի խորհրդարանի ոլորտային տնտեսության ու տնտեսական քաղաքականության հանձնաժողովի պատվիրակության՝ Երեւան այցին:
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ապակենտրոնացված համագործակցությանը:
Խոսելով Վրաստանի հայկական համայնքից՝ Կախա Կախիշվիլին նշել է, որ խորհրդարանում ներկայացնում է հայությամբ խիտ բնակեցված շրջանը եւ ծանոթ լինելով հայ համայնքին հուզող հարցերին՝ խորհրդարանական գործունեության շեշտը դնում է հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու բազմոլորտ համագործակցության զարգացման վրա: Նա կարեւորել է տնտեսական, մշակութային շփումները՝ նշելով, որ բարիդրացիական ամուր կապերը խթանելու եւ զարգացնելու առաքելություն է վերագրված հայ եւ վրացի պաշտոնյաներին:
Զրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի կարեւորությունը՝ արձանագրելով, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է: