Թուրքիան միտումնավոր տապալում է, այսպես կոչված, հայ-թուրքական գործընթացը

Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրի տեղակայումը թուրքական դիվանագիտությունը վերածեց իրական սկանդալի։

Թուրքական կողմը առանց նախազգուշացնելու ի սկզբանե անցավ պատժիչ գործողությունների՝ սկզբից փակեց օդը հայկական ինքնաթիռների համար, որոնք մեկնում են երրորդ երկիր, այդ մասին հայտարարեց ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, ապա օրեր անց հայտնի դարձավ նաև, որ «թուրքական օդը» փակվել է նաև Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ 1 ինքնաթիռի համար։ «Ամեն օր Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ էին իրականացվում։ Հիմա մենք փակել ենք: Փակել ենք նաև VIP անձանց համար, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր գալիս ՍԾՏՀ ԽՎ նիստին (Անկարայում), մենք ընդունում էինք գագաթնաժողովը, այդ իսկ պատճառով անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել էր Չավուշօղլուն։

ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի մակարդակով հուշարձան-աղբյուրի տեղակայումը որակեցին սխալ որոշում։ Սակայն Չավուշօղլուն դա էլ չբավարարեց։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Lider Haber TV-ի եթերում նույնիսկ ասաց, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու և հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու համար Թուրքիան որոշ ժեստեր է արել, սակայն Հայաստանը հերթական անգամ ցուցադրել է, որ այդ գործընթացում անկեղծ չէ՝ տեղադրելով «Նեմեսիսի» հուշարձանը։ «Սակայն այս ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անկեղծ չեն, և այդ «Նեմեսիսի» հուշարձանը կանգնեցրին։ Մենք էլ նրանց ասացինք՝ եթե դուք այդ հուշարձանը չհեռացնեք, մի կողմ թողած կարգավորման գործընթացը՝ կանենք հակառակ քայլեր»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Հայաստանին է հղել «անհրաժեշտ ուղերձներ՝ ինչպես հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի միջոցով, այնպես էլ՝ այլ խողովակներով: Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Թուրքիան պատասխան քայլ անի մեկ այլ հուշարձանով, Չավուշօղլուն ասել է. «Հուշարձանով չէ, բայց մտադիր ենք հավելյալ միջոցներ ձեռնարկել։ Կներկայացնենք նախագահին, եթե հավանություն լինի։ Որպես առաջնորդ՝ պետք է մեր հարգարժան նախագահի հավանությունը լինի այսպիսի քայլերում, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կարևոր քայլեր արվելու են։ Արվելո՛ւ են, քանի որ հնարավոր չէ, որ մենք դա ընդունենք»:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ իշխանություններին ամենևին չբնորոշող հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։ Հարցին, թե հանուն հայ-թուրքական հարաբերությունների՝ Երևանը կհանի՞ «Նեմեսիսի» հուշարձանը, Գրիգորյանը պատասխանեց․ «Այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում։ [Տեղադրումը] քաղաքական որոշում չի եղել»։

Հարցին, թե սա չի՞ համարում Անկարայի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտություն, Գրիգորյանը պատասխանել էր․ «Բնականաբար, դա Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու»։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին ասաց, որ թուրքական կողմին շատ լավ է հայտնի, որ դա իշխանության նախաձեռնությունը չի եղել, ավելին, ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիան միայն աննախադեպ ժեստեր է նկատել՝ առանց պատասխանի սկզբունքի, և տարօրինակ կերպով ներկայումս այս քայլին պատասխանում է։

Ռուս թուրքագետը գտնում է, որ «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի տեղակայումը պարզապես առիթ էր հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ-ի ապակառուցողականության միֆը ստեղծելու և դիվանագիտական սկանդալ սարքելու համար։

«Իմ տեղեկություններով՝ Հայաստանում շատ հուշարձաններ և քաղաքական այլ շատ փաստաթղթեր կան, որոնց Թուրքիայում դեմ են, և այդ հարցերը դեռ չէին բարձրացվում։ Եթե չլիներ այս հուշարձանը, գուցե այլ պատճառ ի հայտ գար նման խնդիր առաջացնելու համար։ Գուցե սա պայմանավորված է Ադրբեջանի դիրքորոշմամբ, կամ Թուրքիայի՝ Հայաստանի ուղղությամբ դանդաղ քայլերը փակելու միջոց է, այնուամենայնիվ բոլորն են հասկանում, որ սրա ներքո այն հարցը չէր, որը պետք է վերածվեր նման թեմայի, առավել ևս, երբ հարաբերությունները իբրև թե կարգավորման փուլում են, և կողմերը պետք է որ հավելյալ զգուշավորություն ցուցաբերեին, եթե այդ գործընթացը կարևոր է նրանց համար։ Այդ զգուշավորությունը մշտապես եղել է ՀՀ իշխանությունների կողմից, սակայն ոչ Թուրքիայի։ Բնականաբար, եթե Թուրքիան անի հավելյալ քայլեր, դրանք շատ են բարդացնելու գործընթացը, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների համար, որոնք այլևս կդժվարանան անտեսել այդ ամենը։ Թուրքիան միտումնավոր սրման է տանում իրավիճակը, որը կարող է ունենալ մի քանի պատճառ»,- նման կարծիք հայտնեց Նադեին-Ռաևսկին։

Ըստ նրա, անտրամաբանական է մի փոքր թվում նաև այն, որ այս ամենն արվում է ընտրությունների շեմին։

«ՀՀ իշխանությունները մի փոքր փոխեցին իրենց մոտեցումը, քանի որ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, և «կուլ գնալը» այս գործընթացում կարող է շատ վտանգավոր լինել։ Թուրքիան, իմ կարծիքով՝ ներկայումս միտումնավոր տապալում է հայ-թուրքական գործընթացը, քանի որ պատրաստ չէ քայլերի, կարգավորման, և այս հուշարձանի պատմությունն ընդամենն առիթ է»,- ասաց Նադեին-Ռաևսկին։

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խնդիր է դրված ոչ այնքան՝ տապալել այդ գործընթացը, որում էական ձեռքբերումներ դեռ չկան, և տևական ժամանակ է՝ գործընթացը փակուղում է հայտարարված քայլերի բացակայության պատճառով, այլ խնդիր է դրված բավականին ցայտուն կերպով ցույց տալ Թուրքիայի անհանդուրժողական վերաբերմունքը Ցեղասպանության հետ կապված ցանկացած թեմայի վերաբերյալ։

«Ներկայումս Թուրքիայի դիրքորոշումը նախկինի համեմատ ավելի անհանդուրժողական, մերժողական ու կոշտ է դարձել։ Եվ այստեղ էական չէ, թե ով է այդ արձանը տեղադրում, այն ունի նշանակություն Հայաստանում, հենց դա է Թուրքիայի խնդիրը, Թուրքիայում ցանկանում են, որ ժողովուրդը կամ ընդդիմադիր ուժերը չբարձրացնեն որևէ հարց, իսկ արձանի տեղադրումը լուրջ սիմվոլիզմ է, հիշողություն, վերաբերմունք, որը որոշեցին չանտեսել և ողջ ժողովրդին ցույց տալ Թուրքիայի վերաբերմունքը։ Իհարկե, նման պատասխանները միայն բացասական վերաբերմունք են ծնում հասարակություններում այն դեպքում, երբ Թուրքիան պետք է անվերջանալի ժեստեր աներ, և դրա փոխարեն՝ այս քաղաքականությունն էլ ավելի է սրում իրավիճակը, հասարակության տրամադրվածությունը։ Նման ճնշումներով հնարավոր չէ պատմություն և հիշողություն ջնջել»,- ասաց վերլուծաբանը։

Պարզապես, ըստ նրա, անկախ ընտրությունների գործոնից՝ այս դիպվածը նշանակում է, որ տևական ժամանակ քայլերը, հանդիպումները կողմերի միջև էլ ավելի կբարդանա։

Տեսանյութեր

Լրահոս