Աջ ձեռքը ձախ ոտքից անտեղյա՞կ է, թե՞ միայն ձևացնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղի ունեցավ Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված «Նեմեսիսի» արձանի բացումը, իսկ Թուրքիան ԱԳ նախարարի միջոցով պաշտոնապես հայտարարեց, որ արձանի բացման պատճառով փակում է Թուրքիայի օդային տարածքը Հայաստանի քաղաքացիական օդանավերի համար, ավելին՝ Չավուշօղլուն գործնականում բաց տեքստով պահանջեց, որ ՀՀ իշխանությունները քանդեն այդ արձանը: Նիկոլ Փաշինյանը գործնականում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը ներդաշնակ և համահունչ արտահայտվեց՝ հայտարարելով, թե «Նեմեսիսի» արձանի տեղադրումը սխալ որոշում էր:

Նրա հայտարարությունից շատերը ենթադրեցին, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի արձանը քանդել տալ՝ թուրքերին սիրաշահելու համար: Երեկ արդեն ասպարեզ ելավ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի կարգավիճակ ստացած Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարելով, որ՝ ա) ինքն, իհարկե, տեղյակ է եղել արձանի տեղադրման մասին, բ) Նիկոլ Փաշինյանին դրա մասին ոչինչ չի ասել: Ստո՛պ, կամ, ինչպես երթուղայինի մշտական ուղևորը կասեր՝ վարպե՛տ, էստեղ պահի՛: Չէ, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Հրաչյա Սարգսյանը յուրովի փորձում է «փրկել» իր շեֆին:

Բայց, ախր, հանրահայտ է, որ ՔՊ-ում, առանց Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու, անգամ, կներեք, չեն փռշտում, ուր մնաց, որ արձանի, այն էլ՝ նման արձանի տեղադրման որոշման մասին ինքնագլուխ որոշում կայացնեն: Լավ, եթե նույնիսկ այդպես է, նման «չասող» ու, ինչպես Փաշինյանն արտահայտվեց, «սխալ» որոշում կայացրած անձնավորությանը ինչո՞ւ և ինչպե՞ս են վարչապետի խորհրդական նշանակել: Է՞լ ինչեր չի ասում նա իր վարչապետին:

Մյուս կողմից՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դա սխալ որոշում է եղել, նա իր սիրելի քաղաքապետի հավանական թեկնածու Տիգրան Ավինյանի՞ն է թիկունքից ուզում հարվածել, թե՞ այդ Տիգրան Ավինյանն է այնքան ինքնուրույն «խաղացող», որ իմանալով (կարող էր կռահել) իր առաջնորդ Փաշինյանի հնարավոր բացասական վերաբերմունքի մասին, ոչ միայն չի կասեցրել «սխալ» որոշման իրականացման ընթացքը, այլև գնացել է մասնակցելու արձանի բացման արարողությանը՝ այն դարձնելով պաշտոնական բնույթ ունեցող իրադարձություն:

Այստեղ ոչ թե «մի բան», այլ ընդհանրապես ոչ մի բան «այն չէ»: Ի լրումն, ստացվում է, որ Փաշինյանի «թիմում» աջ ձեռքը ձախ ոտքից բացարձակապես անտեղյակ է, եթե հավատանք պաշտոնական հայտարարություններին: Միայն ցավակցել կարելի է արագորեն նվազող այն հայրենակիցներին, որոնք դեռ ինչ-որ հույսեր ունեն, որ նման ղեկավարություն ունենալով՝ կարող են «Ապագա» կոչվող կայարան հասնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս