Դա հենց այն է, ինչն օդ ու ջրի պես անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին

Արցախյան ողբերգական պատերազմից, հաջորդած ու շարունակվող աղետներից հետո իշխանությունը՝ ամենատարբեր միջոցներով, հանրային ենթագիտակցության ու հոգեբանության մեջ արմատավորում է պարտվողականության, խեղճության, հանձնվելու անայլընտրանքության, նվաստացման թեզերը։ Այդ մասին ուղղակի չի ասվում, բայց դրան է ուղղված իշխանության ողջ ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը փաթեթավորված է «խաղաղության դարաշրջան» բարեհունչ ձևակերպմամբ։

Տիրապետող տեսակետն այն է, որ այս քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է աշխարհաքաղաքական ավանտյուրաներում ներքաշվելու արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարման համար։ Կա նաև կարծիք, որ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերը նույն Փաշինյանի և նրա թիմի ձեռքով այնքան են կազմաքանդվել, որ այլ տարբերակ չունի, քան արտաքին նվաստացման միջոցով պատերազմից խուսափելը։

Բոլոր այս և բազմաթիվ այլ տեսակետները, իհարկե, գոյության իրավունք ունեն, և յուրաքանչյուրը ինչ-որ չափով արտահայտում է իրականությունը։ Բայց իշխանության կողմից վարվող այս՝ պայմանականորեն ասած, խեղճացման քաղաքականությունն ունի նաև այլ, առաջին հայացքից չերևացող շերտեր։

Հասարակությանն անընդհատ իր թուլությունը հիշեցնելով, օտարի առաջ նվաստացման դրդող քարոզչությունը մարդկանց անհատական ու հավաքական գիտակցության մեջ ներարկում է թերարժեքության, անկարողության զգացում։ Առաջին հայացքից դա վերաբերում է միայն արտաքին աշխարհին, իրական և հնարավոր թշնամիների հետ հարաբերություններին։ Իրականում, սակայն, անկարողությամբ համակվող հասարակությունը նույն կերպ է սկսում վերաբերվել նաև իր ներքին կյանքին, ներհանրային ու ներպետական խնդիրներին։

Կարդացեք նաև

Չի կարող արտաքին հարցերում իրեն թույլ ու նվաստացած համարող հանրույթը հակառակ վարքագիծը դրսևորել ներքին կյանքում, որովհետև թուլությունն ու խեղճությունը չեն դասակարգվում ներքին և արտաքին բաղադրիչների։ Խեղճությունը դատավճիռ է, որը կրողը գլխահակ ապրում է կյանքի բոլոր հարթություններում։ Իրենց թույլ համարող, դեպրեսիվ ու կազմալուծված անհատները, բնականաբար, կորցնում են նաև մոբիլիզացվելու կարողությունը, իսկ համախմբման տեսական հնարավորության ժամանակ լավագույն դեպքում հանդես են գալիս՝ որպես խեղճերի, անկամների հավաքականություն։ Դա հենց այն է, ինչն օդ ու ջրի պես անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։

Նա լավագույնս գիտի հանրային մոբիլիզացիայի ներուժը ու նաև դա ջլատելու հնարավորությունները, ինչին էլ ծառայեցնում է սեփական քաղաքական ու քարոզչական ռեսուրսները։ Ուժեղ, կամային, վճռական հասարակությունը Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշնամին է ներքին կյանքում, իշխանության պահպանման տեսանկյունից, և նույնքան վտանգավոր է նաև արտաքին պարտավորությունների կատարման համար։

Դա է պատճառը, որ «խաղաղության դարաշրջանի» մասին Նիկոլ Փաշինյանի տասնյակ ելույթներում հնարավոր չէ գտնել «արժանապատիվ» արտահայտությունը, քանի որ արժանապատիվ խաղաղությունը ենթադրում է միանգամայն այլ հասարակություն, միանգամայն այլ հանրային հոգեբանություն, որը կարող է դրսևորվել ոչ միայն այլ երկրների հետ հարաբերություններում, այլ առաջին հերթին՝ սեփական՝ ներպետական հարցերում։

Դրա համար, իր բոլոր ելույթներում կրկնելով «արժանապատիվ քաղաքացու» մասին դատարկաբանությունը, Նիկոլ Փաշինյանն  ամեն ինչ անում է հավաքական մակարդակում հասարակությանն անարժանապատիվ ու խեղճ դարձնելու համար։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս