
ԱՄՆ կոնգրեսականները ցանկանում են պատժամիջոցներ սահմանել Իրանի ԱԹՍ-ների և հրթիռների արտադրության ծրագրերի դեմ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայքլ Մաքքոլը և երկու կուսակցություններից մի քանի այլ կոնգրեսականներ մայիսի 9-ին ներկայացրել են օրինագիծ, որն ԱՄՆ վարչակազմին պարտավորեցնում է պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր օժանդակում են Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մշակման և արտադրության ծրագրերին: Այդ մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
«Նույնիսկ ՄԱԿ-ի գործող պատժամիջոցների պայմաններում Իրանի հրթիռները և ԱԹՍ-ները թիրախավորում են ամերիկյան զորքերին, դաշնակիցներին և գործընկերներին Մերձավոր Արևելքում», – նշված է հայտարարության տեքստում:
Նախաձեռնության համաձայն՝ իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մատակարարումներին, վաճառքին կամ փոխանցմանը մասնակցողների դեմ կսահմանվեն վիզային պատժամիջոցներ, ԱՄՆ-ում նրանց ակտիվները կսառեցվեն։ Բացի դրանից, սահմանափակումներ են մտցվում նրանց դեմ, ովքեր Թեհրանին են հանձնում հրթիռների և ԱԹՍ-ների մշակման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորանքներ, Իրանի հետ համատեղ մասնակցում են համապատասխան ծրագրերին, ինչպես նաև զբաղվում են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտահանմամբ և ներմուծմամբ։ Սահմանափակումներ են նախատեսվում նաև համապատասխան սև ցուցակում հայտնվող անձանց ընտանիքի անդամների դեմ:
Օրինագիծը պետք է քննարկի Մաքքոլի հանձնաժողովը, ինչից հետո փաստաթղթի շուրջ պետք է քվեարկի Ներկայացուցիչների պալատը: