Քրեական օրենսգիրքը փոխել են, որ Արցախի դրոշն անպատիժ անարգեն, իսկ Դատախազությունն ու ՆԳՆ-ն փաստորեն տեղյակ չեն
Երեկ Շուշիի ազատագրման 31-րդ տարեդարձը պետք է նշվեր… Եվ առհասարակ մինչև 2020թ. մահաբեր պատերազմը, իսկ ավելի կոնկրետ՝ մինչ մահաբեր հնգամյակը մենք մայիսին Եռատոն էինք նշում: Հիմա կարոտով ենք հիշում այն երանելի ժամանակները, երբ տոնը նշվում էր Արցախում ու Հայաստանում, նշվում էր բարձր մակարդակով, տարբեր մշակութային միջոցառումների ու զորահանդեսների ուղեկցությամբ:
2020թ. նոյեմբերից ի վեր Շուշին հիրավի «դժբախտ, դժգույն քաղաք է» ՝ ադրբեջանական օկուպացիայի ներքո կքած, մի օր կրկին վերաազատագրվելու հույսով սակայն:
2020թ. նոյեմբերի 9-ից հետո մեզ Շուշիից մնաց միայն նրա հուշն ու Արցախի դրոշը, որ կարոտաբաղձորեն դրոշմում ենք ամենուր՝ հեռախոսների պատյաններին ու կրծքանշանների վրա, կանգառների փեղկերին ու փողոցներում հնարավոր բոլոր վայրերում:
Մարդկանց մի խումբ կա, սակայն, ովքեր հայերեն են խոսում, ենթադրաբար ունեն «յան»-ով ավարտվող ազգանուն, սակայն պետական փաշինյանական քաղաքականությունն Արցախի հարցում այնպես է արձակել ադրբեջանա-թուրքական ստրկությանը օր առաջ տենչացող նրանց ձեռքերն ու միտքը, որ Արցախի դրոշը տեսնելիս ընկնում են ցնցումների մեջ ու չեն վարանում հարձակվել Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշի վրա՝ ճղճիմ գոյության վրեժը հանելով դրոշից:
Նման մի տեսանյութ օրերս հրապարակվեց Ֆեյսբուքի հայկական տիրույթում:
Երկու հասուն կին ինքնամոռաց թշնամանքով Երևանի կենտրոնից՝ Սայաթ-Նովա փողոցում փակցված Արցախի դրոշից էին վրեժխնդիր լինում ու փորձում պատռելով պոկել այն:
«Նկարում են, որ ձեր նման ռըսամոլներին ստեղից հանեն, ռադ անեն»,- նկատելով իրենց այդ վայրագ գործողությունը տեսանկարահանող անձին՝ ասում է նրանցից մեկը:
Թե ինչ կապ ուներ Արցախի դրոշը ռուսների ու ռուսամոլների հետ, թերևս միայն այդ կանանց բորբոքված երևակությունը կարող էր իմանալ:
Ինչևէ, ակնհայտորեն տեսանյութը պատկերում էր պետական խորհրդանիշի անարգման լկտի, սանձարձակ, ցցուն փաստ:
168.am-ը դիմեց ՆԳՆ և Դատախազություն՝ հասկանալու համար՝ ի՞նչ գործողությունների են դիմել, հայտնաբերվա՞ծ են արդյոք Արցախի Հանրապետության պետական դրոշն անարգած կանայք:
ՆԳՆ-ից նախ ասացին՝ մամուլի հրապարակումներով զբաղվում է դատախազությունը, և երբ այնուամենայնիվ պնդեցինք, որ սա հրապարակում չէ, որ գրված չէ, որ նման բան է տեղի ունեցել, որ դատախազությունն ուսումնասիրի՝ եղե՞լ է, թե՞ ոչ այլ հրապարակված փաստ՝ տեսանյութ, որը կասկածի տեղիք չի տալիս, ասացին՝ «Կենտրոնական բաժնում ահազանգ, հաղորդում չի ստացվել»:
Այսինքն՝ ըստ ՆԳՆ տրամաբանության՝ երբ Նիկոլ Փաշինյանին վիրավորում են կամ իրեն անհաճո որևէ բան են ասում կամ գրում, ու ՆԳՆ-ն գետնի տակից դրա հեղինակին գտնում է, Նիկոլ Փաշինյանը գնում, հատ-հատ հաղորդում է տալիս:
168.am-ի բերած բոլոր հակափաստարկները ՆԳՆ-ում ունեին մեկ պատասխան՝ գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք:
Գրավոր հարցում, բնականաբար, չենք պատրաստվում ուղարկել, և ՆԳՆ-ի բոլոր «կռուտիտների» պատճառն այս թեմայով ավելի քան բացատրելի է: Օրը ցերեկով, ենթադրաբար բազմաթիվ պարեկների տեսադաշտում (որովհետև չի կարող այդ ժամին քաղաքի կենտրոնական հատվածում պարեկ չլինել) անարգվում է Արցախի դրոշը երկու անհասկանալի ծագումնաբանությամբ անձանց կողմից, ու ՆԳՆ-ն ամեն ինչ անում է, միայն թե չգտնի նրանց ու հարցեր չուղղի, որովհետև չի կարելի, որովհետև վախենում են, որովհետև իրենց ասել են՝ Արցախն արդեն Հայաստան չէ… Երբ պետք էր, Հայաստան էր, երբ Հայաստանը պետք էր ներքաշել արյունալի պատերազմի մեջ, Արցախը Հայաստան էր, իսկ հիմա Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում կարող են հարձակվել, պատառոտել Արցախի դրոշն ու հանգիստ շրջել:
Դատախազությունն էլ իր հերթին մեր նույն հարցին ի պատասխան՝ երեկ՝ օրվա ավարտին, ասաց. «Այս պահին նախաձեռնված վարույթ չկա»:
Իհարկե, չկա ու չի կարող լինել… Երկու պատճառով… Մեկը վերևում արդեն նշեցինք. Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի պատասխանատուների համար Արցախի հետ առնչվող ոչ մի բան իրենց չի վերաբերում:
Մյուս պատճառն այն է, որ, չգիտես ինչու, ոչ ՆԳՆ-ն, ոչ Դատախազությունը չհիշեց, որ նոր Քրեական օրենսգրքով Արցախի դրոշն անարգելու համար պատիժ չի նախատեսվում: Չգիտեի՞ն, թե՞ չէր հետաքրքրում, դժվար է ասել:
Այսպես՝
Հին քրեական օրենսգիրք, հոդված 331
Հոդված 331. Պետական խորհրդանիշներն անարգելը
Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Իսկ հիմա՝ ուշադրություն՝
Նոր Քրեական օրենսգիրք, հոդված
Հոդված 472. Պետական խորհրդանիշներն անարգելը
1. Հայաստանի Հանրապետության զինանշանը, պետական դրոշը կամ պետական օրհներգն անարգելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Պարզվում է՝ նոր, 2021թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի համանման հոդվածի շարադրանքից հանված է «ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը…» ձևակերպումը, ինչը նշանակում է, որ տարատեսակ վիժվածքների ձեռքերն ազատ են արձակվել՝ իրենց ներսի ողջ թույնը Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների վրա թափելու համար:
Հիմա հետաքրքիր է՝ երբ դատախազությունն ասում է, որ «այս պահին նախաձեռնված վարույթ» դեռ չկա, ո՞ր պահին կարող է լինել, եթե մեր Քրեական օրենսգիրքը դրա համար պատիժ չի նախատեսում:
Դատախազությունը, իհարկե, կարող է ասել, որ ենթադրյալ վարույթն այդ հոդվածին չէր վերաբերում, բայց ակնհայտ է, որ այստեղ այլ հանցակազմի մասին խոսք գնալ չի կարող:
Իսկ ՆԳՆ-ն ի՞նչ հաղորդման էր սպասում, դժվար է ենթադրել: