«Փաշինյանն ինչի՞ համար է հարություն առնում, որ նոր պարտության էջում էլ իր անունը լինի՞». Թևան Պողոսյան
Մինչև 2020թ. աղետալի պատերազմն ամեն տարի այս օրը՝ մայիսի 9-ին, մենք նշում էինք հաղթանակների եռատոնը, բայց ինչպես այսօր իր ուղերձում Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր ձևակերպել՝ երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պետք է անել այս իրավիճակում՝ հաղթանակները վերակերտելու կամ գոնե այս պահին պարտության անիվը կանգնեցնելու համար:
«Եղած հաղթանակների հիման վրա դաստիարակել այն սերունդը, որը մեր ազգային երազանքը նորից կյանքի կկոչի: Չմոռանանք, որ նույն 1915թ. հետո, անցնելով տարիներ, հայ ազգի մեջ 1940-45թթ. հաղթանակի զգացումը առաջացավ: Ճիշտ է՝ Սովետական բանակի մասնիկ էինք, բայց չմոռանանք, որ մեր այդ դերակատարումը հետո պատմության իմաստով պապերից փոխանցվում էր թոռներին, և թոռները կերտեցին 1992թ. մայիսի 9: Հիմա պետք է կարողանանք նույն կերպ դաստիարակենք»,- ի պատասխան՝ ասաց նա:
Թևան Պողոսյանը նկատեց՝ գործող իշխանությունների վարած քաղաքականությունից ամենից շատ օգտվում է թշնամին. «Ցավոք, Հայաստանի գործող իշխանություններն ինչ էլ որ անում են, արդյունքն այն է, որ իրենք սպասարկում են թշնամու շահերը»:
Նա շեշտեց՝ Հայաստանը պատերազմի մեջ է, պատերազմը չի ավարտվել. «Ալիևը ամեն օր մատ է թափ տալիս, Չավուշօղլուն էլ որոշել է, թե Երևանում որ ճանապարհին ինչ հաստության ասֆալտ անենք կամ որտեղ արձան տեղադրենք»:
Դիտարկմանը՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասել է, որ «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է, նա արձագանքեց. «Լո՞ւրջ, իսկ Արցախին տեր կանգնելն ո՞ւմ ներքին գործն է»:
Ըստ նրա՝ գործող իշխանությունները միայն մեկ խնդիր են լուծում՝ պահել իշխանությունը. «Մարդը տեսնում է, որ իր արած գործողությունները միայն պարտություններ են բերում, ու նստել է այդտեղ, ինչի՞ համար, որ իր պատմության մեջ ավելի շատ կորուստների էջեր նկարագրվի՞: Ես հասկանում եմ, որ իշխանությունն ունի ինչ-որ փուլեր, երբ սկզբից գալիս ես, ասում ես՝ այսպես ենք անելու, հետո սկսում ես իրականության հետ առնչվել, հասկանում ես, որ շատ բաներ այդպես չեն, սկսում ես ինչ-որ կոմպրոմիսների գնալ, ինչ-որ բաներ անել, բայց հետո բերում է նաև ինչ-որ խնդիրների, ամեն մարդ փորձում է հասկանալ՝ իր դերակատարումը որն է եղել: Նույն մարդն ասում է՝ ամեն օր մեռնում եմ, հարություն եմ առնում. հարություն ինչի՞ համար է առնում, որ նոր պարտության էջում էլ իր անունը լինի՞: Անմեկնաբանելի բաներ են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում