«Խաչատուրովին կալանավորել են, որ Տավուշը հանձնեն». Արմինե Ադիբեկյան

Հայոց բերդաքաղաք Շուշին ազատագրվել է 30 տարի առաջ` 1992թ. մայիսի 8-ին, սակայն, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրեց այն: Այսօր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Շուշին պետք է ազատագրվի ոչ թե խոսքով, այլ գործով:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Սասուն Միքայելյանի քաղաքական թիմի գործողություններում Շուշին ազատագրելու միտում տեսնո՞ւմ եք, թե՞ հակառակը, նրանց գործողությունները տանում են նրան, որ Արցախն ամբողջությամբ հայտնվի Ադրբեջանի կազմում:

«Սասուն Միքայելյանը երևի արդեն բարոյական իրավունք չունի նման հարցերով ելույթ ունենալ: 2018թ. ի վեր այս իշխանություններն արել են ամեն ինչ, որ ունենանք այն պատկերը, որ այսօր ունենք: Որոշ չափով դա արվել է միտումնավոր, որոշ չափով՝ իրենց ոչ կոմպետենտության և տգիտության շնորհիվ, որոշ բաներ արվել են նրանց ծուլության և վախկոտության հետևանքով, բայց այնուամենայնիվ, այն, ինչ այսօր մենք ունենք, 100 տոկոսով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրանց սատարողների պատասխանատվության տակ է, որովհետև նրանց լռության և համաձայնության ներքո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Շուշին այն քաղաքը չէր, որը կարելի էր զավթել կամ օկուպացնել, Շուշին կարելի էր միայն հանձնել, միայն նվիրել, և դա տեղի է ունեցել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Այսօր նաև Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս 11 անձի վերաբերյալ գործով նախնական դատական նիստը տեղի ունեցավ, և շատերը խնդրահարույց են համարում, որ այն անցկացվեց դռնփակ կարգով:

Արմինե Ադիբեկյանի համար ակնհայտ է, որ գործը սպիտակ թելերով է կարված, և որևէ քրեական տարր գոյություն չունի.

«Խնդիր էր դրված Գրիգորի Խաչատուրովին փակի տակ պահել, և գտել են միակ հնարավոր պատրվակը, որով նրանք կարող են ինչ-որ մի կերպ ձևացնել, որ տեղի է ունեցել հանցանք, և Խաչատուրովին անհրաժեշտ է փակել: Նիստը դռնփակ էր, որովհետև պատկերացնո՞ւմ եք՝ այդքան մասնակից ականատես էր լինելու, թե ինչպես են փաստաբանները դատախազի բմբուլները թափում, որն իր տգիտությամբ կամ հանցավոր միտումնավորությամբ կեղծ քրեական գործ է հարուցել, այն մտցրել է դատարան: Մարդիկ տեսնելու էին, որ այնտեղ քրեական գործ չկա: Նպատակը՝ Գրիգորի Խաչատուրովին մեկուսացնել այն ժամանակահատվածով, որն անհրաժեշտ է այս իշխանություններին, որ հանձնեն Տավուշը և Ադրբեջանի հետ հակահայկական խաղաղ պայմանագիր կնքեն»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորել են, որ հանձնեն Տավո՞ւշը, նա պատասխանեց. «Այո՛, այդ թվում՝ նաև, և մնացած բոլոր հակահայկական գործողությունները կատարեն»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նա նշեց, որ Ադրբեջանը հստակ առաջ է տանում իր պահանջները. «Ադրբեջանն այս պարագայում ոչ հուսալի գործընկեր է, որի ստորագրությունն անգամ իր ստորագրած թղթից էժան գին ունի»:

Դիտարկմանը՝ Փաշինյանն էլ էր ասում, որ պետք է լինեն միջազգային երաշխիքներ, այլապես պայմանագրի ստորագրումից հետո կարող է նորից պատերազմ սկսվել, նա արձագանքեց.

«Դա էլ է անհեթեթություն, որովհետև մենք ունենք միջազգային երաշխավոր՝ ի դեմս Ռուսաստանի, եռակողմ համաձայնագրի վերաբերյալ, այնուամենայնիվ, մենք տեսանք այդ միջազգային երաշխիքի գինն ու արժեքը. Ռուսական զինվորը կանգնած է՝ Ադրբեջանն իր դիրքերն առաջ է քաշում, և ռուսական կողմն ի վիճակի չէ կանխել կամ ազդել այդ իրավիճակի վրա, չնայած՝ ռուսական կողմի ստորագրությունն այդ փաստաթղթի տակ է:

ԵՄ դիտորդներին եկեք՝ պայմանականորեն գնահատենք՝ որպես միջազգային երաշխիք. Եվրոպացիք գալիս են այստեղ, նայում են՝ մեր սահմաններին ինչ է կատարվում, միանգամից տեղից զանգում են Բաքու և պատմում՝ իրենք ինչ են տեսնում: Դա հենց իրենց իսկ խոստովանությունն է: Եթե ես եմ սա ասում՝ որպես քաղաքացի, որպես վերլուծաբան, դա մի բան է, բայց Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ասել, որ նրանք եկել են համոզվելու՝ Հայաստանն ու Ռուսաստանը հո չե՞ն պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա:

Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որը հրավիրել է այդ ուժերին, նրա ստորագրության ներքո են նրանք այնտեղ հայտնվել: Նիկոլ Փաշինյանը լրտեսներին հրավիրել է մեր սահմաններ ու գանգատվում է իր հրավիրած լրտեսների՞ց: Փաշինյանը փոխանակ բանակն ամրապնդի, օգտագործի այդ ընդմիջումը, որ կարողանա ձևավորել բանակ, որն ի վիճակի կլինի պաշտպանել մեր սահմանները, նա լրտեսներին բերել-շարել է մեր սահմաններին և շարունակում է քանդել բանակը, շարունակում է ձերբակալել գեներալներին և գործից ազատել սպայակազմ, որը գոնե մի քիչ տեղյակ է իրավիճակից և որոշակիորեն կարող է կանխել այդ իրավիճակը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս