Ադրբեջանի պահանջների աճը ցույց է տալիս ՀՀ իշխանությունների ունեցած տապալումները, առաջիկայում սպասվում են նոր ծանր իրադարձություններ. Տիգրան Աբրահամյան
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի քրեական գործով դատական նախնական լսումները՝ դռնփակ: Իսկ դատարանի բակում հավաքվել են գեներալի աջակիցները՝ ընդդիմադիր պատգամավորներ, պահեստազորի սպաներ, շարքային քաղաքացիներ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Գրիգորի Խաչատուրովն այն զինվորականներից է եղել, որը մինչև վերջ սպային, գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել, ինչը, բնականաբար, չէր կարող ընդունելի լինել իշխանության համար:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այն մարդկանց, որոնք այսօր բաց խոսում են երկրում տեղի ունեցող իրական իրադարձությունների, մեր երկրին սպասվող նոր ողբերգությունների մասին, այս իշխանությունը զրկում է ազատությունից։
«Գեներալ Խաչատուրովի նկատմամբ հետապնդումն այս դրսևորումներից մեկն է»,- շեշտել է Աբրահամյանը։
Հարցին՝ ի՞նչ սպասել, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը պատասխանել է, որ մեծ առումով Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները ցույց տվեցին, որ որևէ արդյունք չի եղել:
«Որքան էլ ամերիկյան կողմը փորձում էր դրական ֆոն ստեղծել այդ բանակցությունների և դրանց արդյունքի շուրջ, իրականում դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանից, Թուրքիայից, Հայաստանից հնչած մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ոչ միայն ռեալ արդյունք չի եղել, այլև կողմերը որոշակի զգուշավորությամբ խոսում էին նոր հնարավոր, անկանխատեսելի իրադարձությունների մասին։
Փաստացի այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը Հայաստանի գլխին իջեցրել է բավականին մաքսիմալիստական օրակարգ, որը ենթադրում է ոչ միայն Արցախի հանձնումը Ադրբեջանին։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մի քանի օր առաջ խոսում էր այն մասին, որ հայկական կողմի առաջարկած նույնիսկ ինքնավարությունն Ադրբեջանը չի ընդունում։ Ադրբեջանի մյուս պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը՝ Ադրբեջանի գրաված տարածքների լեգիտիմացում, նոր տարածքներ, որոնք չեն սահմանափակվում բացառապես այդ 8 գյուղերով:
Վերջին օրերին նաև միջանցքի թեման է ակտիվ շրջանառվում: Ադրբեջանը չի էլ փորձում թաքցնել, որ դրան հասնելու է ամեն գնով:
Այսինքն, անկախ նրանից, թե քաղաքական շփումների հետևանքով և արդյունքում հնարավոր կլինի հասնել դրա հետ կապված որևէ լուծման, Ադրբեջանը պատրաստ է դրան հասնել նաև ուժի կիրառման միջոցով:
Ադրբեջանի այս պահանջների աճը ցույց է տալիս ՀՀ իշխանությունների ունեցած տապալումները, որովհետև եթե մինչ այդ փորձում էին հանրությանը հրամցնել, որ Արցախի հանձնմամբ Հայաստանի անվտանգության հարցն են լուծում, կյանքը, ժամանակը և պատմությունը ցույց տվեց, որ Արցախն ընդամենը դարպաս է դեպի Հայաստան, և միայն Արցախով Ադրբեջանը չի փորձելու սահմանափակվել: Առաջիկայում, ցավոք, սպասվում են նոր ծանր իրադարձություններ: ՀՀ իշխանությունն ունակ չէ, չունի համապատասխան կամք՝ ոչ միայն արտաքին անվտանգության մարտահրավերներին դիմակայելու, այլև իր քայլերով բարենպաստ դաշտ է ձևավորում Ադրբեջանի նոր ագրեսիայի համար»,- մանրամասնել է Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում