
Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք

Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, դրանք ենթական են ուղղակի հսկողության. տարին մեկ անգամ պետք է իրականցնել հերթական հետազոտությունը, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք: Ժամանակին հայտնաբերելու և վիրահատության ուղղորդելու դեպքում բուժառուների մոտ գրանցվում է 100 տոկոսով լավացում:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում այս մասին ասաց էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանը՝ անդրադառնալով վահանաձև գեղձի հանգույցներին, առաջացած խնդիրներին և լուծումներին:
«Վահանաձև գեղձը օրգանիզմում շատ կարևոր դեր ունի, քանի որ վահանաձև գեղձի հորմոնները ներգրավված են օրգանիզմի գործունեության բոլոր ընթացքների մեջ՝ թե՛ ուղեղի զարգացման և աշխատանքի, թե՛ մկանների, ոսկորների, սեռական համակարգի և թե՛ սրտի աշխատանքի հետ: Այսինքն, չկա մի այնպիսի համակարգ, որտեղ վահանաձև գեղձի հորմոնները աշխատանք չեն իրականցնում: Վահանաձև գեղձի կատարած աշխատանքը և դերը շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի մեր բոլոր օրգան համակարգերը ճիշտ և համակարգված աշխատեն»,- ասաց մասնագետը:
Անդրադառնալով բավականին տարածված խնդրին՝ վահանաձև գեզձի հանգույցներին, մասնագետը նշեց, որ դրանց առաջացման պատճառները դեռևս բացահայտված չեն, բայց դրանք բավականին տարածված են: Նա նշեց, որ վահանաձև գեղձը շատ հեշտ հետազոտվող գեղձ է և ուլտրաձայնային հետազոտմամբ կարելի է շատ հեշտ բացահայտել: Վերջին տարիներին կան այնպիսի սարքեր, որոնք կարողանում են բացահայտել անգամ միլիմետրանոց փոփոխությունները, այդ իսկ պատճառով այսօր վահանաձև գեղձի հանգույցների բացահայտման քանակը շատ ավելի մեծ է, քան դա եղել է 20 տարի առաջ:
«Հետազոտությունների քանակի ավելացումը նաև բերում է նրան, որ ավելի շատ ենք հայտնաբերում չարորակ հանգույցներ, անգամ ամենափոքր չափերից՝ 5 միլիմետրից սկսած»,- ասաց նա:
Մասնագետն ընդգծեց, որ մինչև հանգույցը տեսանելի չափի չի դառնում, մարդը կարող է առհասարակ ոչ մի գանգատ և սիմպտոմ չունենալ, քանի որ այն պետք է մեծանա մինչև 4 սանտիմետր, որ լինի տեսանելի:
Հայկանուշ Համբարձումյանը նկատեց, որ շատ հաճախ պացիենտները գալիս են խեղդոցի զգացումով և մտածում են, որ վահանաձև գեղձի հետ կապված է կամ հանգույցներ ունեն: Բայց հանգուցավոր փոփոխությունները շատ հազվադեպ դեպքում են հանգեցնում խեղդոցի զգացողության առաջացման: Պետք է լինեն մի քանի մեծ, պինդ հանգույցներ, որպեսզի գանգատը կապված լինի հենց հանգույցների հետ:
«Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, դրանք ենթական են ուղղակի հսկողության՝ տարին մեկ անգամ պետք է իրականացնել հերթական հետազոտությունը, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում է բարի ընթացք: Ժամանակին հայտնաբերելու և վիրահատության ուղղորդելու դեպքում գրանցվում է 100 տոկոսով լավացում: Մոտ 5 տարի հետո բուժառուն առհասարակ մոռանում է, որ ուներ այդպիսի խնդիր »,- ավելացրեց Հայկանուշ Համբարձումյանը:
Անդրադառնալով այն տարածված կարծիքին, որ պունկցիոն բիոպսիան կարող է վնաս պատճառել և հանգույցները բարորակից դառնան չարորակ, մասնագետը նշեց, որ նման բան չկա և իրականում դա ոչ մի բարդ պրոցեդուրա չէ և ոչ մի մտավախություն չպետք է առաջացնի պացիենտի մոտ:
Վահանաձև գեղձի հանգույցների մասին մի շարք հարցերի պատասխաններ ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Գայանե Գաբոյան