Բաժիններ՝

Երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է այդ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, բարեմաղթել է արդյունաշատ առաքելություն Հայաստանում:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ: Նա անդրադարձել է Հնդկաստանում եկեղեցական կառույցների և, մասնավորապես, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությանը:

Նորին Սրբությունն, ի դեմս դեսպանի, իր գնահատանքն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին կրթական հաստատության նկատմամբ դրսևորվող ուշադրության համար։

Իր հերթին նորանշանակ դեսպանն, անդրադառնալով հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում և հայ-հնդկական հարաբերություներին ու ներկայիս գործակցությանը, տեղեկացրել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան իր այցի մասին՝ նկատելով, որ այն նաև յուրօրինակ կամուրջ է երկու երկրների մշակութային կապերի զորացման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հնդկաստանում հայ համայնքի կյանքին և հայկական եկեղեցիների բարվոք վիճակին։ Խոսվել է նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս