Ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ
Հայաստանում ապատեղեկատվության դիմակայուն հասարակության ձևավորման նպատակով մեկնարկեց «Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ․ երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» խորագրով համաժողով:
«Միջոցառումը նպատակ ունի քննարկել ապատեղեկատվության քարոզչության մարտահրավերները Հայաստանում և Հայաստանից դուրս, քննարկել քարոզչության և ապատեղեկատվության դեմ պայքարի տարբեր մեթոդներն ու ռազմավարությունները և փորձել համատեղ լուծումներ մշակել ապատեղեկատվության դեմ պայքարը ավելի արդյունավետ դարձնելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարը իրականացվում է տարբեր շերտերով և ուղղություններով: Քաղաքացիական հասարակության կառույցները, հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ տարբեր միջամտություններ և նախաձեռնություններ են անցկացնում, մասնավորապես, մեդիագրագիտության մակարդակի բարձրացման միջոցով, ինչպես նաև տարբեր տեխնոլոգիական լուծումներ են փորձում գտնել ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Նրա համոզմամբ՝ քաղաքացիական հասարակությանը միջազգային դոնոր կառույցների աջակցությունը և նախաձեռնողականությունը այստեղ շատ մեծ դեր ունի. առանց այդ ակտիվության ապատեղեկատվության դեմ պայքարի շարժումը, կարելի է ասել, Հայաստանում չէր մեկնարկի:
«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders) կազմակերպությունը մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել էր «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ը, որում Հայաստանը բարելավել է դիրքերը։ Ինդեքսը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի 180 երկրներում և տարածքներում։ Մուրադյանը կարևորեց, որ զեկույցի համաձայն ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու նախորդ տարվա 51-րդ հորիզոնականից հետո հայտնվել 49-րդում։
Հայաստանը դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքում։ Խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում ՀՀ-ն, ինչպես և նախորդ տարի, առաջատարն է: «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը 77-րդն է, Թուրքիան՝ 165-րդը, Ադրբեջանը 151-րդը, իսկ Իրանը 177-րդը:
Նա առանձնացրեց՝ 2022-ից Հայաստանում մշակվել է ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն, որը դեռևս ընդունված չէ, բայց այդ փաստաթուղթը իր գործողությունների պլանով առկա է:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը ընդգծեց՝ ապատեղեկավության տարածումը լրջագույն խնդիր է պետության ժողովրադավարական հիմքերի համար: Արձանագրելով, որ կա խնդիր թե՛ ռազմավարական հաղորդակցման, թե՛ ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում՝ իրենց կենտրոնը հանձն է առել տարբեր ուղղություններով բարեփոխումների անցկացման նախագծերի մշակումն ու իրականացումը:
«Կառավարությունը կարևորում է և պատրաստվում է քայլեր ձեռնարկել ապատեղեկատվության դեմ պայքարում քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ համագործակցության ինտենսիվացման և հասարակության մեդիագրագիտության բարձրացման ուղղություներով»,- ասաց Ծառուկյանը:
Համաժողովը կազմակերպվում է ՀԼԱ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
«Մենք պետք է բոլորս սովորենք և հասկանանք՝ ինչպես տարանջատել փաստերը, ապատեղեկատվությունը և թյուր տեղեկությունը: Լրատվամիջոցները, քաղհասարակությունը և կառավարությունը կարևոր դեր ունեն խաղալու, որպեսզի հանրությունը դառնա ինֆորմացիայի պատասխանատու սպառող: Ինֆորմացիան, դրա աղբյուրները, տարածման ճանապարհները հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչ խոցելի կողմեր կան»,- ասաց Հայաստանում ԱՄՆ հանրային դիվանագիտության գրասենյակի գրանտային ծրագրերի պատասխանատու Լադիսլավ Բերանեկը:
Միջոցառումը նախաձեռնել է Հանրային լրագրության ակումբը, որը կազմակերպվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։