
Կուբանում և Ռոստովի մարզում ԱԹՍ-ները հարվածել են նավթավերամշակման գործարանների

Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի ամբարում հրդեհ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդել են ՌԴ արտակարգ ծառայություններում, հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքի ընկնելու պատճառով: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Անհայտ անօդաչու թռչող սարքի գրոհի պատճառով այրվում է Իլսկի նավթավերամշակման գործարանի ամբարը Սևերսկի շրջանի Իլսկի քաղաքատիպ ավանում», – ասել է գործակալության զրուցակիցը։
Միջադեպի մասին հայտնել է նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
«Սևերսկի շրջանի Իլսկի նավթավերամշակման գործարանում նավթամբարների այրվելը հաստատվել է: Արդեն աշխատում են հրշեջ հաշվարկները և ԱԻՆ-ի աշխատակիցները՝ 48 մարդուց և 16 միավոր տեխնիկայից բաղկացած կազմով: Իմ հանձնարարությամբ դեպքի վայրում է գտնվում նաև շրջանի ղեկավարը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Ավանի բնակչությանը ոչինչ չի սպառնում», – Կոնդրատևը գրել է իր Telegram ալիքում։
Սևերսկի շրջանի ղեկավար Անդրեյ Դորոշևսկին հայտնել է, որ նավթամթերքի ամբարի այրվելու ժամանակ վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցվել։
Գիշերը ևս մեկ ԱԹՍ է ընկել Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանում: Ըստ Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի՝ ԱԹՍ-ն բախվել է գործարանի տարածքում նոր կառուցվող կոնստրուկցիաներին, որից հետո պայթել է: Բռնկված հրդեհը մարել են տեղի աշխատողների ուժերով, հրշեջներին կանչելու կարիք չի եղել: Տուժածներ չկան:
Մայիսի 3-ի գիշերն անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո նավթամթերքով ամբար էր բռնկվել Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանի Վոլնա գյուղում։ Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 1200 քառակուսի մետր։