Կհաջողվի՞ արդյոք Վաշինգտոնի «Դեյթոնը» Հարավային Կովկասում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի սկսած Երևան-Բաքու գործընթացը Վաշինգտոնում շարունակվում է և, ըստ նախնական ծրագրի՝ այսօր դրա վերջին օրն է: Երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ԱՄՆ-ում, որն ուղղված է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը կրող փաստաթղթի վերջնական համաձայնեցմանը, շարունակվել է շուրջ երեք օր։

Ըստ ադրբեջանական «Թուրան»-ի՝ սպասվում է, որ այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմիանա արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ամփոփիչ բանակցություններին։

«Քննարկումները կողմերի միջև, որոնք մեկնարկել են, ընթանում են կառուցողական»,- հայտնել էր բանակցությունների մեկնարկին Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն: Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար, որին նպաստում է Վաշինգտոնը:

Բոնոյի խոսքով՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին, որը Բոնոն որակում է շատ բարդ և համապարփակ: Բոնոն նշում է, որ ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:

«Սա բարդ գործընթաց է և համապարփակ, որի շրջանակում քննարկվում են բոլոր հարցերը»,- ասում է նա։
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը: Պետքարտուղարությունը չի հստակեցնում՝ արդյո՞ք քննարկվում են ԼՂ-ին, ԼՂ կարգավիճակին վերաբերող հարցեր, և ինչպես է ՀՀ կառավարությունը բավարարվում  «մարդկանց ապահովության և իրավունքների պաշտպանության» մասին խոսելով։

Եվ մինչ Վաշինգտոնը Երևանին ու Բաքվին նստեցրել է բանակցային սեղանին, ելույթ ունենալով «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովում Ալիևը սպառնալիքների տարափ է ուղղել Հայաստանին․ «խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է»։

Ալիևը նաև սպառնացել է, որ եթե Հայաստանը «կառուցողական մոտեցում» չցուցաբերի, ապա Բաքվի և Երևանի միջև խաղաղություն և փոխգործակցություն չի լինի։ Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում կհաջողվի առաջընթացի հասնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: «Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները կտան եթե ոչ՝ արդյունք, ապա՝ գոնե տեսանելի առաջընթաց»,- ասել է Ալիևը՝ շատ թույլ լավատեսություն հայտնելով նախաձեռնված գործընթացի վերաբերյալ։

ՌԴ-ն իր հերթին՝ զուսպ է գնահատականներում։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններն ընթանում են առանց ՌԴ մասնակցության, հետևաբար՝ Մոսկվան չի կարող մեկնաբանություններ անել այդ գործընթացի վերաբերյալ:

Նա նշել է, որ երբ բանակցությունների մասնակիցները համապատասխան հայտարարություններով հանդես գան, յուրաքանչյուր կողմն արտահայտվի, ապա հնարավոր կլինի կարծիք ձևավորել և մեկնաբանություն անել: Զախարովան ևս մեկ անգամ շեշտել է եռակողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը: «Մենք առաջվա պես հանձնառու ենք 2020-2022թթ. ընթացքում ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կյանքի կոչմանը»,- ասել է Զախարովան:

Ինչ վերաբերում է ՌԴ տարածքում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարին, ապա Զախարովան նշել է, որ ինչպես նախորդ ճեպազրույցում հայտարարվել էր, Երևանն ու Բաքուն պատրաստակամություն են հայտնել նման հանդիպման: «Ժամկետների մասին կհայտնենք ավելի ուշ»,- եզրափակել է նա:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ վաշինգտոնյան բանակցությունների կոնտեքստում ԼՂ-ի մասին, բացի էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունից, ոչինչ չի ասվում, ինչը նշանակում է, որ կարգավիճակի թեման փակ է։ Ըստ նրա՝ նաև հասկանալի չէ, թե ինչպես են ապահովվելու այդ իրավունքները։

«Վաշինգտոնից որևէ պարզաբանում չի հնչում նաև այն բանի վերաբերյալ, որ պետք է լինեին ԼՂ-Ադրբեջան բանակցություններ միջազգային մասնակցությամբ։ Կարծում եմ՝ այս հարցը ևս դուրս է եկել օրակարգից։ Ավելին, տպավորություն է, որ Վաշինգտոնի քաղաքականությունում կողմերին պարտադրելու տարրեր կան, Վաշինգտոնը ձգտում է շատ արագ ինչ-որ արդյունքի հասնել, հենց այդ պատճառով կազմակերպվել է բանակցությունների այս ձևաչափը, որպեսզի նրանք բանակցեն, հասնեն ինչ-որ համաձայնությունների և դա ֆիքսեն ինչ-որ կերպ։ Թե այս ամենը նման արագությամբ ինչպե՞ս է հնարավոր՝ շատ բարդ եմ պատկերացնում, սակայն ոչինչ բացառել չի կարելի։ Մոսկվայի զգուշավորությունն այս ֆոնին ճիշտ եմ գնահատում, քանի որ պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել, և չի բացառվում նաև, որ Վաշինգտոնից հետո նախարարները գան Մոսկվա, քանի որ համաձայնություններն արդեն իսկ տրված են, դրանից հրաժարվելը շատ բարդ կարող է լինել։

Մյուս կողմից՝ կարևոր դիտարկումն այն է, որ Ադրբեջանը, չնայած այն հաջողություններին, որ շարունակել է ունենալ պատերազմից հետո, շարունակում է իր դիրքերն առաջ մղել ու, իմ տպավորությամբ, անզիջում դիրքորոշում ունի։ Եթե Երևանը համաձայնի Ադրբեջանի բոլոր պայմաններին, ապա համաձայնությունը կկայանա, եթե ոչ, ապա գործընթացը կձգձգվի, և արևմտյան այս արագացված ծրագիրը կտապալվի։ Իսկ արագացված է, քանի որ բոլորը, և հատկապես՝ Արևմուտքը, փորձում են օգտվել աշխարհաքաղաքական անկայունությունից, Ռուսաստանի իրավիճակից՝ դուրս մղելով ՌԴ-ին Հարավային Կովկասից։ Որևէ սցենար ներկայումս բացառելի չէ, բայց ՌԴ-ի համար Հարավային Կովկասի հարցը շատ երկրորդական է այսօր, շատ դերեր կիսվել են Իրանի հետ, մինչ ՌԴ-ն կկողմնորոշվի՝ ինչպես վարվել»,- ասաց նա։

Մի շարք վերլուծաբաններ, այդ թվում՝ Ստանիսլավ Տարասովը, Վաշինգտոնի սկսած նախաձեռնությունը նմանեցնում են և անվանում դեյթոնյան գործընթաց։ Հրադադարի, հակամարտող կողմերը բաժանելու և տարածքների զատման վերաբերյալ Դեյթոնյան համաձայնագրերը վերջ դրեցին Բոսնիայում և Հերցեգովինայում 1992-1995թթ. ընթացող պատերազմին։ Փաստաթուղթը համաձայնեցվել է 1995թ. նոյեմբերին ԱՄՆ-ի Դեյթոնի (Օհայո նահանգ) ռազմաբազայում, ստորագրվել՝ 1995թ. դեկտեմբերի 14-ին Փարիզում բոսնիացի մահմեդականների առաջնորդ Ալիյա Իզեթբեգովիչի, Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի և Խորվաթիայի նախագահ Ֆրանյո Թուջմանի կողմից։

Տարասովի խոսքով՝ ձևաչափը, ցանկությունը կարելի է նմանեցնել, սակայն հակամարտությունները՝ իրենց բնույթով, աշխարհը՝ այսօր, այնքան տարբեր են։ Առավել ևս, որ հնարավոր չէ ասել՝ արդյոք ԱՄՆ-ին «Դեյթոն» կհաջողվի՞, կհաջողվի՞ արդյոք երկու կողմին էլ պարտադրել արագ համաձայնություններ, մասնավորապես՝ Ադրբեջանին։ «Այսօր Ալիևի ելույթը ոչ միանշանակ էր, ակնկալիք վերջնական և մոտալուտ համաձայնության չկար, ըստ իս»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս