Մեկնարկել է «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղին (Արցախ) ընդառաջ» միջազգային համաժողովը
Աշխարհի տարբեր վայրերից Երևան ժամանած իրավաբանները և միջազգային իրավունքի փորձագետները «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղին (Արցախ) ընդառաջ» խորագրով միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում կքննարկեն Արցախի 44-օրյա պատերազմի զոհերի միջազգային արդարության հասանելիությունը և ուղիները: Քննարկումները կտևեն երեք օր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ճշմարտության և Արդարության Կենտրոն» կազմակերպության (Center for Truth and Justice) կողմից կազմակերպած համաժողովի նախագահ Էմիլիա Միքայելյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, որ համաժողով են իրականացնում, այս տարի նույնպես համաժողովի կենտրոնում է Արցախյան հարցը:
«Մենք հրավիրել ենք շատ հյուրեր՝ մարդիկ, ովքեր միջազգային իրավունքի փորձագետներ են, պրոֆեսորներ են, մարդիկ են, ովքեր աշխատել են միջազգային քրեական դատարաններում, և մենք այս եղանակով փորձում ենք նրանց ուշադրությունը հրավիրել Արցախի թեմայի վրա: Մենք կարծում ենք, որ այս թեմային շատ քիչ ուշադրություն է դարձվում միջազգային հանրության կողմից, համեմատած Ուկրաինայի և այլ կոնֆլիկտների: Եվ այս պրոֆեսիոնալ հեղինակություն ունեցող մասնագետները եկել են Հայաստան, որտեղ հնարավորություն ունեն տեսնելու և լսելու Արցախի խնդրի մասին հենց տեղում, և մենք հույս ունենք, որ նրանք կվերցնեն իրենց հետ տպավորությունները, փաստերը և հետագայում կաշխատեն դրանց շուրջ: Այս եղանակով մենք կփորձենք մեծացնել Արցախի շուրջ ձևավորված խնդիրների մասին տեղեկատվությունը միջազգային հարթակներում»,-ասաց Էմիլիա Միքայելյանը:
Միքայելյանը նշեց, որ իրականցնում են 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրա հետևանքով տուժած անձանց իրավունքների խախտումների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր-մշակութային հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հավաքագրելու, փաստագրելու և պահպանելու նպատակով փաստահավաք աշխատանքներ։
Կանադացի քրեական ոլորտի միջազգային փաստաբան Ֆիլիպ Լարոշելը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի ներկայացնելու է ալտերնատիվ ճանապարհներ քրեական դատարան մուտք գործելու համար:
Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի հնարավոր ելքերի և ուղիների մասին, նա ընդգծեց, որ քրեական դատարանի դատախազն է վերջին որոշումը կայացնողը, թե արդյոք դատ կլինի թե ոչ, բայց Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է օգնի՝ տրամադրելով փաստեր, վկայություններ, որոնք ցույց կտան և կապացուցեն դատարանում, որ նմանատիպ հանցագործություններ իրականցվել են:
«Միջազգային արձագանքը այնքան էլ բավարար և ուժեղ չէ և միջազգային հանրությունը պետք է ավելի հստակ քայլեր ձեռնարկի, միջամտի և կանխի ոչ միայն Արցախի շրջափակումը՝ այլև պատժի տարածաշրջանում մարդու իրավունքների խախտողներին»,-ասաց Լարոշելը:
Նա ընդգծեց, որ չնայած նրան, որ Հայաստանի համար միջազգայնորեն դժվար է խոսել Արցախի անունից, բայց պետք է շարունակել գտնել գործընկերներ, որպեսզի թեկուզ վարագույրի հետևից խոսել և առաջ տանել Արցախի շահերը:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը իրավաբաններին և միջազգային իրավունքի փորձագետներին ներկայացրեց այն բոլոր փաստերը, որոնք 44-օրյա պատերազմից հետո հավաքագրվել է իր թիմի կողմից: