Հարց բժշկին. Ֆարինգիտն ու լարինգիտը տարբերվում են և՛ ախտանշաններով, և՛ բուժման եղանակով
Ֆարինգիտ, լարինգիտ. խնդիրներ, որոնց շատերն են բախվում, բայց, ցավոք, քչերն են տարբերում հիվանդությունները:
Շատերն էլ այս երկու խնդիրներին շատ լուրջ չեն վերաբերվում և շատ հաճախ փորձում են ինքնաբուժությամբ վերացնել այն՝ դրանով էլ ավելի բարդացնելով վիճակը և հասցնելով այն ընդհուպ մինչև քրոնիկական վիճակի:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ ականջաբան, ֆոնիատր Էլյա Մուրադյանի հետ զրուցել ենք ֆարինգիտի և լարինգիտի տարբերությունների, առաջացման պատճառների և մի շարք այլ խնդիրների մասին:
Մասնագետը նշեց, որ ֆարինգիտն առաջանում է ըմպանի լորձաթաղանթի բորբոքման մի շարք հետևանքներով: «Պատճառներից կարող են լինել վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդությունները: Հիմնականում վարակի հարուցիչները հանդիսանում են վիրուսները, մանրէները, պարզ և պաթոգեն սնկերը, ֆիզիկական ու քիմիական նյութերի ազդեցությունը, շատ տաք կամ շատ սառը, գրգռող նյութերը, կծուն, թթուն և այլն»,- ասաց նա:
ԼՕՌ մասնագետի խոսքով, ըմպանի լորձաթաղանթի բորբոքումը վտանգավոր չէ հիվանդի կյանքի համար, սակայն այն ազդում է կյանքի որակի վրա: Նա նշեց, որ, անտեսելով հիվանդության ախտանիշները, կարող են զարգանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են սինուսիտն ու լարինգիտը, որոնք առավել երկար ու բարդ բուժում են ենթադրում:
Վերջինիս խոսքով՝ պաթոլոգիական գործընթացի ընթացքից ելնելով՝ ֆարինգիտները բաժանվում են սուր և քրոնիկ խմբերի, այս երկու տեսակների բուժման եղանակները իրարից խիստ տարբերվում են:
«Ցանկացած վիրուսի ժամանակ, երբ ունենում ենք կոկորդում ցավ, դա հենց ֆարինգիտի արտահայտման ձևերից մեկն է․ մեծամասամբ ֆարինգիտները լինում են վիրուսային ծագման, շատ քիչ դեպքերում հանդիպում է նաև բակտերիալ ծագմամբ ֆարինգիտ, իսկ սա նշում եմ, որ հասկանալի լինի, որ կոկորդում ցավերի առաջացման ոչ բոլոր դեպքերում է անհրաժեշտ հակաբիոտիկներ օգտագործել, քանի որ վիրուսների պարագայում հակաբիոտիկներ կիրառելը և՛ չի թույլատրվում, և՛ անիմաստ է »,- ասաց Էլյա Մուրադյանը:
Անդրադառնալով լարինգիտի դրսևորումներին՝ մասնագետը ընդգծեց, որ այն կոկորդի բորբոքումն է, որի դեպքում հատկանշական ախտանիշ է ձայնի փոփոխությունը, ձայնի կորուստը, խռպոտությունը, տեմբրի փոփոխությունը, կոկորդում թեթև ցավը, անհարմարության զգացողությունը, ձայնի շուտ հոգնելիությունը:
«Քանի որ դեղորայքի համար ձայնալարերը դժվար հասանել են, մենք դրանց վրա ազդելու երկու ճանապարհ ունենք՝ կամ դեղորայքը ուղիղ ճանապարհով լցնում ենք կոկորդ, կամ իրականացնում ենք ինհալացիաներ՝ հատուկ սարքի միջոցով, ոչ թե տաք ինհալացիաներ, որոնք ավելի շատ տարածված են հանրության շրջանում»,- նշեց մասնագետը:
Արդյո՞ք նշիկների հեռացումը կարող է հանգեցնել ֆարինգիտի առաջացման: Ֆարինգիտը վերջնական բուժվո՞ւմ է, թե՞ ոչ: Ամենատարածված սխալ ինքնաբուժումը, որ մարդիկ իրականացնում են: Հնարավո՞ր է ֆարինգիտը դրսևորվի սեզոնային սրացումով: Ինչպե՞ս հասկանալ, որ ֆարինգիտ է, ոչ թե այլ վիրուսի կամ ալերգիայի դրսևորում: Լարինգիտի պարագայում ինչպիսի՞ բարդացումներ են առաջանում և ի՞նչ անել: Այս շրջանում վիրուսների ինչ տեսակներ են տարածված, ի՞նչ սիմպտոմներով են դրսևորվում և ի՞նչ անել արագ կազդուրվելու համար:
Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Գայանե Գաբոյան