Օղակը սեղմվում է․ Լևոն Մազմանյան

Լևոն Մազմանյանը ֆեյսբուքյան իր էւում գրել է․ «Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը ոչ այլ ինչ է, քան Արցախի Հանրապետությանը արդեն լիարժեք «օպերատիվ շրջափակման» մեջ դնելու ոչ միայն իրական, այլ նաև՝ ցուցադրական քայլ։ Ի հեճուկս բոլոր դիվանագիտական ջանքերի Ադրբեջանը ի ցույց է դնում, որ շարունակում է և շարունակելու է գործել ռազմական տրամաբանությամբ՝ Թուրքիայի աջակցությամբ և Ռուսաստանի թողտվությամբ շարունակելու է մասնատել ու օղակների մեջ վերցնել հայ բնակչությանը, վերացնել հայոց պետությունների «ռազմավարական խորության» մնացորդները։

Այս պարագայում, ցանկացած գիտակից քաղաքացուն վերոնշյալ ռազմական տերմինների վերաբերյալ իրազեկելու, դրանց հեռանկարները բացատրելու, այդ հեռանկարներին հակազդելուն ուղղված հստակ ներքին քաղաքականություն վարելու հրամայականները մի կողմ թողած, հայոց երկու պետություններն ու կառավարությունները, բնակչության հետ գործուն աշխատելու փոխարեն, մեծ հաշվով, շարունակում են սպասողական դիրք գրավել։

ՀՀ կառավարությունը, մասնավորապես, համառորեն շարունակում է «անձնական երջանկության վարդապետության» ու ալեկոծվող աշխարհում «խաղաղության կղզյակի» պատրանքի վրա հիմնված, բնակչության (հատկապես, անհոգ կյանքով ապրող երևանցիների) ինքնապաշտպանական բնազդը թմրեցնող իր ներքին քաղաքականությունն ու հասարակության հետ երկխոսությունը։

Հարց է առաջանում։ Ինչի՞ն է սպասում հայրենի կառավարությունը։

Նոր «Բրեստի խաղաղությա՞նը», որը կենթադրի տարածաշրջանում աշխարհաքաղաքական հիմնական ուժերի ավելի հայանպաստ ժամանակավոր վերադասավորում։ Թե՞ ցեղասպան բռնապետին սանձելու ընդունակ քաղաքակիրթ աշխարհի պատրաստակամությանը, ինչպես դա եղավ Սադդամ Հուսեյնի կամ Միլոշևիչի դեպքում։

Երկու սցենարներն էլ, նման ներքին քաղաքականության շարունակականության դեպքում, ինքնակործան են դառնում։

Եթե այս կամ այն կերպ կրկնվի «Բրեստը» (այսինքն Ռուսաստանի ժամանակավոր նահանջը Անդրկովկասից) անխուսափելի կդառնա շատ ավելի ուժեղ հակառակորդի կողմից պարտադրված «Սարդարապատը»։ Իսկ եթե շարունակվեն ցեղասպան բռնապետի ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները (ինչի մասին նա բացահայտորեն ակնարկում է), ապա կպահանջվեն շատ ավելի շատ զոհեր հայկական կողմից, որպեսզի Արևմուտքը պատրաստ լինի հրաժարվել բռնապետի կողմից մատուցած կենսական տնտեսական ծառայություններից, կիրառել ուժ իր սահմաններից հեռու և(կամ) կազմակերպել նոր «Բուլդոզերային հեղափոխություն»։

Ավելորդ է նշել, որ այսօրվա իշխանությունները 44-օրյա պատերազմի ընթացքում արդեն իսկ ունեցել են «Սարդարապատի» իրագործման անհաջող փորձ։ Անձնական երջանկության վարդապետությունից ու խաղաղության քարոզից հրաժարումը չի նշանակում սոցիալ-տնտեսական խուճապի ու պատերազմի քարոզի տարածում։

Բաղադրատոմսերը բազմաթիվ են, գիտակից մասնագիտական հանրույթի կողմից բազմիցս հնչեցված և որոշում ընդունողների համար՝ քաջ հայտնի։

Առանց ոչ մի դաս քաղելու նույն մոտեցումներով ամեն հերթական օր առաջ շարժվելը անխուսափելիորեն կբերի ավելի ծանր հետևանքների»։

Տեսանյութեր

Լրահոս