Այդ հարցն առաջնահերթություն չէ Թուրքիայի համար, քանի որ ՀՀ իշխանություններն իրենք միջազգային ճանաչման հարցն առանձնապես առաջ չեն մղում․ ռուս թուրքագետ

Երկար դադարից հետո Թուրքիան կրկին բարձրացրել է Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը։ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Սեդաթ Օնալը ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ Ռուսաստանի նախագահությամբ նիստ է անցկացվել ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության վերաբերյալ։

Արձագանքելով հայկական պատվիրակությանը՝ Օնալը նշել է, որ Թուրքիան կտրականապես մերժում է «հայկական պատվիրակության անհիմն պնդումները»։

«Բոլորին կոչ եմ անում 1915-ի դեպքերին առնչվող պատմությունից թշնամանք դուրս բերելու փոխարեն՝ ուշադրություն դարձնել համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արած առաջարկին»։

Թուրք դեսպանը համոզմունք է հայտնել, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն։

Այս ֆոնին հարկ է նաև հիշեցնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի անդրադարձը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Սպիտակ տան ղեկավարը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանել։

«Քաղաքական շառլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ»,- Twitter-ում գրել էր Թուրքիայի արտգործնախարարը՝ պնդելով, թե՝ «քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը»։

«Այն մարդիկ, որոնք պնդում են իրենց սխալները, պատմության մեջ որպես երեսպաշտներ կմնան։ Որևէ մեկն իրավունք չունի մեր իսկ պատմությանը վերաբերող դասախոսություններ հրամցնել մեզ»,- գրել էր Չավուշօղլուն։

168am-ի հետ ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին գնահատեց, թե որքանով է սա ռեգիոնալ զարգացումների ներկայիս փուլում կարևոր և ակտուալ առաջարկ, ու որքան ակտիվ է այն առաջ մղելու Թուրքիան։

Նադեին-Ռաևսկին նշեց, որ վերջին շրջանում գրեթե չի լսել նման առաջարկ Թուրքիայի իշխանությունների կողմից, իսկ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի ելույթն ի պատասխան հայկական կողմի է եղել։

Նրա կարծիքով, հայ-թուրքական բանակցային «սեղանին» սա այսօր պարտադիր ներառված հարց չէ։

Միևնույն ժամանակ, ռուս թուրքագետը հիշեցրեց, որ պետք է նշել, որ սա Թուրքիայի մշտական դիրքորոշումն է, որ հարկավոր է պատմաբանների հանձնաժողով՝ քննարկելու համար 1915 թվականի դեպքերը։

«Ինչո՞ւ էր սա Թուրքիան ցանկանում, որպեսզի փորձեր ինչ-որ կերպ բացատրել, խմբագրել կամ մեղմել պատմությունը և ստանալ մի պաշտոնական ձևակերպում, որը նրան թույլ կտա ավելի հիմնավորված դեմ արտահայտվել Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ, կամ դրա ազդեցությունը թուլացնել։ Ուստի, այո, գուցե ինչ-որ փուլում, երբ հայկական կողմն ակտիվորեն շրջանառի այս հարցը, պահանջի ճանաչում, ապա Թուրքիան այս հարցը կբերի ակտիվ օրակարգ, սակայն ներկայումս այս առաջարկն ակտիվ չէ, քանի որ ՀՀ իշխանություններն իրենք Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն առանձնապես առաջ չեն մղում, չեն բարձրացնում և առաջնահերթ օրակարգ են բերել պարզապես հայ-թուրքական սահմանի բացման հարցը։

Սա է նաև պատճառը, որ այս տարի շատ քիչ երկրներ անդրադարձան այդ սգո օրվան և ցավակցություններ հայտնեցին՝ ամենայն հավանականությամբ, հասկանալով, որ սա առաջնահերթ արտաքին քաղաքական օրակարգ չէ ՀՀ իշխանությունների համար, քանի որ երկրի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նաև նրա հրապարակված դիրքորոշումներով։ Այդկերպ վարվեց նաև ՌԴ-ն, որը նույնիսկ այդ օրվանից հետո հեռախոսազրույցում անդրադարձավ Ապրիլի 24-ի խորհրդին՝ ցավակցելով հայ ժողովրդին։

Կարծում եմ՝ հենց ՀՀ իշխանությունների այդ դիրքորոշումն էլ նույնիսկ Թուրքիայի մշտական այս պահանջը մի կողմ է դրել, եթե որևէ մեկը չի հիշում պատմությունը, ապա թուրքական կողմն ի՞նչ պատճառ ունի այն պատմաբանների միջոցով վերանայելու համար։ Իսկ եթե լիներ ակտիվ քաղաքականություն, ապա, բնականաբար, Թուրքիան, ինչպես միշտ ու գուցե ապագայում ևս, փորձելու է վիճարկել ու հերքել իր պատմության այդ էջը կամ փորձել փրկել իր դեմքը։

Իսկ ընդհանուր առմամբ հաշվի առնելով նախընտրական շրջանն ու Թուրքիայում առկա խնդիրները, մտավախությունները, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող առանձին հարցեր բացարձակ չեն հուզում Թուրքիայի իշխանություններին, նրանց գերխնդիրն այս ընտրություններում ևս հաղթելն է»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Տեսանյութեր

Լրահոս