ՀՀ-ում դիֆտերիայի դեպք չի արձանագրվել 2000 թ.-ից, պոլիոմելիտ՝ 1995-ից ի վեր. իմունականխարգելման հաջողությունները

Հայաստանն իմունականխարգելման ծրագրով գոհացուցիչ արդյունքներ ունի: Հանրապետությունում 15 պատվաստանյութով տարվում է պայքար 18 վարակիչ հիվանդությունների դեմ: Մեր երկրում պատվաստումներն անվճար են: Մի շարք վարակիչ հիվանդությունների հետ կապված առկա է առնվազն 90 տոկոս պատվաստում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ դա շատ լավ ցուցանիշ է: Ավելին, Հայաստանի հաջողության օրինակով սկսել են հետաքրքրվել միջազգային գործընկերները:

«Նույնիսկ կորոնավիրուսի ժամանակ մենք չունեցանք ազգային օրացույցով նախատեսված պատվաստումների կտրուկ անկում: Մինչդեռ շատ երկրներում այդ ցուցանիշը 25 տոկոս է կազմում: Մեր երկրում ժամանակին կատարված ամբողջական պատվաստումները նպաստում են որոշ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելուն: Այսօր ո՞վ է հիշում բնական ծաղիկի մասին»,-ասաց Գայանե Սահակյանը:

Կան հիվանդություններ, որոնք գրեթե վերացման շեմին են՝ պոլիոմելիտը, դիֆտերիան, կարմրախտը, և դա պատվաստումների շնորհիվ է: Հայաստանում դիֆետրիայի դեպք չի արձանագրվել 2000 թվականից ի վեր, պոլիոմելիտ չի գրանցվել 1995 թվականից ի վեր: Հիվանդության նվազեցման առումով հաջողություն գրանցվել է նաև կարմրուկի ու կարմրախտի առումով:

«Իհարկե, կարող են լինել նաև բերովի դեպքեր: Այսօր աշխարհի շատ երկրներում կարմրուկի բռնկումներ են: Մեր երկրում, ինչպես գիտեք, եղավ բերովի դեպք՝ տեղային բռնկում, սակայն մեկ ու կես ամսվա ընթացքում հնարավոր եղավ տեղայնացել: Հիվանդության տարածում էլ չեղավ, կարողացանք իրավիճակը հաղթահարել: Ասեմ, որ այժմ կարմրուկի առումով համաճարակաբանական իրավիճակը հանդարտ է: Այս հաջողությունն ապացուցեց, որ Հայաստանում պատվաստումները բավական բարձր մակարդակով են իրականացվում, մենք ունենք կոլեկտիվ իմունիտետ»,-ասաց Գայանե Սահակյանը:

Այս օրերին Հայաստանում անցկացվում է իմունականխարգելման շաբաթը, որի շրջանակում ակտիվ իրազեկման աշխատանքներ են իրականացվում՝ մեկ անգամ ևս ընդգծելով պատվաստումների կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս