ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունները Երևանում և Բաքվում տապալվե՞լ են. Վեդանտ Պատելն անդրադարձել է իրավիճակին

Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ժամեր առաջ տված ճեպազրույցում կրկին անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: Ինչպես հայտնի է, վերջին տասնօրյակի ընթացքում բանակցությունների նպատակով Երևանում և Բաքվում էին Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը:

Եվ մինչ, ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ Պետքարտուղարությունը փորձում էր տեղում՝ Երևանում ու Բաքվում, բարձրաստիճան բանակցությունների միջոցով բեկում մտցնել բանակցային գործընթացում, ունենալով հստակ նախաձեռնություն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջնագրեր էր ներկայացնում արցախահայությանն ու ՀՀ իշխանություններին, պահանջելով հայտարարել. «Արցախը Ադրբեջան է»:

Նա նաև ի լուր աշխարհի հայտնեց, որ Ղարաբաղի հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ գտնեն բնակության այլ վայր, ինչը չստացավ որևէ միջազգային արձագանք: Սրան արդեն հաջորդեց ապրիլի 23-ին Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումը: Նույն օրը՝ Պետքարտուղարությունը հայտարարությամբ հանդես եկավ, իր խորը մտահոգությունը հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ, զուգահեռաբար կոչ անելով կողմերին վերսկսել բանակցությունները, զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից:
Իսկ ժամեր առաջ տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում հարցին, թե կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղարության արած հայտարարությունը հուշում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Բաքվում և Երևանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անցկացված բարձր մակարդակի բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել, իսկապե՞ս դա այդպես է, Պատելը պատասխանել է, որ Հարավային Կովկասում այս հարցը մի բան է, որն անձամբ պետքարտուղարը խորապես գնահատում և մեծ նշանակություն է տալիս:

«Ինչպես տեսաք, անցած շաբաթավերջին մենք հայտարարեցինք, որ պետդեպարտամենտը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում անցակետի ձևավորման առնչությամբ: Անկեղծ ասած, դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ և բաց տեղաշարժ, ինչպես նաև առևտուր: Բայց ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը, մենք կշարունակենք ակտիվորեն հետամուտ լինել այս խնդրին»,-նման դիվանագիտական ձևակերպում է արել Վեդանտ Պատելը, ըստ էության չհերքելով, որ ամերիկյան միջնորդությունը ռեգիոնում խնդիրների է բախվել:

Տեսանյութեր

Լրահոս