ՀՀ իշխանությունները հպարտանում են Ալիևի հետ ունեցած հանդիպումների աննախադեպ քանակով, իսկ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի տարածքները
ՀՀ կառավարությունը 2022թ. տարեկան ամփոփիչ իր զեկույցում, որպես կատարված աշխատանքի հաշվետվություն, ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումների վիճակագրությունը։ Վիճակագրությանը ծանոթանալիս, սակայն, միայն հարցեր են առաջանում, քանի որ փաստացի այդ հանդիպումների արդյունքում չի արձանագրվել որևէ դրական արդյունք Հայաստանի Հանրապետության և, առավել ևս, Արցախի համար։ Փոխարենը նկատվել են իրավիճակի սրացումներ, սահմանային հրադադարի խախտումներ, ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստներ, Արցախի բլոկադա։
Այսպես, ՀՀ կառավարությունը զեկույցում արձանագրում է, որ «ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 3 եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ (2022 թվականի ապրիլի 6-ին, մայիսի 22-ին և օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում), 2 քառակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ (որոնցից մեկը՝ հեռավար, մյուսը՝ Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին) և 1 եռակողմ հանդիպում ՌԴ նախագահի միջնորդությամբ (2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում)։ 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենում ևս 1 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ՝ ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ»: Ստացվում է, որ միայն 2022թ-ին նախագահների մակարդակով տեղի է ունեցել 6 հանդիպում, ինչը, թեև, վերջին 30 տարվա համար ամենամեծ ցուցանիշն է, սակայն ամենևին չի վկայում բանակցությունների արդյունավետության մասին։ Իրողությունն այն է, որ հանդիպումներից կարճ ժամանակ անց Ադրբեջանը շատ հաճախ նախաձեռնել է նոր ագրեսիվ գործողություններ։
Օրինակ՝ Բրյուսելում 2022թ. օգոստոսին տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը հաջորդել է սեպտեմբերի 13-ի ագրեսիան, երբ ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել էր գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։ Պրահայի և Սոչիի հանդիպումներին հետևել է Լաչինի միջանցքի փակումն առ այսօր։ Այս բոլոր իրողություններն ի ցույց են դնում, թե որքան թույլ են հայկական կողմի դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում՝ այնքան թույլ, որ անգամ հնարավոր չի լինում կանխել հետագա սահմանային էսկալացիաները։
Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանի իշխանությունները շարունակում են Արդրբեջանի հետ «խաղաղության» դարաշրջան սկսելու իրենց քարոզը՝ պատրաստակամություն հայտնելով այդ նպատակին հասնելու ճանապարհին անգամ զոհաբերել Արցախի հետագա գոյությունը։ Դա է վկայում կառավարության զեկույցում տեղ գտած հետևյալ պարբերությունն առ այն, որ «ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն»: Այլ բառերով ասած՝ ՀՀ կառավարությունը վերահաստատում է, որ ձեռքերը լվանում է Արցախի հիմնախնդրից և հրաժարվում Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունից՝ այն դնելով միջազգային հանրության վրա։ Միաժամանակ, այս մոտեցումը հնարավորություն է տալիս Ադրբեջանին Արցախի հարցը ներկայացնել որպես ներքաղաքական հարց և այն դիտարկել այսպես կոչված «ինտեգրման» համատեքստում։
Այսինքն՝ Ադրբեջանը ցեղասպանություն ու էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքով Արցախի Հանրապետության քաղաքացիներին կարող է առաջարկել ինտեգրվել իր կազմում, ինչը ոչ միայն կենթադրի օտարում իր իսկ ինքնիշխանությունից ու օրինական իրավունքներից, այլև կենթադրի արցախցիների հրաժարում սեփական հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու երազանքից։ Ասել է թե, այսպես կոչված «ինտեգրումը» Արցախի ու արցախցիների համար կնշանակի կամավոր կապիտուլյացիա և հայրենազրկում։ Հաշվի առնելով Արցախի արդեն 100-օրից ավել շրջափակված լինելու փաստը և այն, որ մինչ այդ էլ Ադրբեջանը փորձ էր կատարում շրջանառության մեջ դնել մեկ այլ՝ «վերաինտեգրման» եզրույթը, ինչը նշանակում է Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ, թեև բոլորին քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել՝ իրադարձությունների նման զարգացումն օրեցօր ավելի իրատեսական է դառնում։
Ադրբեջանի հետ հայաստանյան ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մասին խոսելիս պետք է նաև հայացք գցել Հայաստանի մյուս հարևան պետության և Ադրբեջանի դաշնակից՝ Թուրքիայի հետ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներին։ ՀՀ իշխանությունները նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվության մեջ նշում են, որ «2023 թվականի փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թուրքիա: …2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը»։
Երկկողմ հանդիպումներ, այո’, տեղի են ունեցել, սակայն նկատելի է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի միակողմանի բնույթը։ Դա է վկայում թեկուզ այն փաստը, որ միայն հայկական կողմի ներկայացուցիչներն են այս ընթացքում մեկնել Թուրքիա, այնինչ իրավահավասար գործընթացի պայմաններում առնվազն պետք է տեղի ունենային փոխայցելություններ։ Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ հենց Թուրքիայի նախագահն է առաջինն այցելել Հայաստան և հանդիպումները չեն անցկացվել հիմնականում Թուրքիայի տարածքում։
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ փաստացի նախորդ տարվա ընթացքում Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից Ադրբեջանի և Թուրքիայի հետ վարած արտաքին քաղաքականությունն ունեցել է պարտվողական ու զիջողական բնույթ։