Բաժիններ՝

Գյումրու միջազգային թատերական փառատոնին կմասնակցեն հանրապետության գրեթե բոլոր թատրոնները. Տիգրան Վիրաբյան

Գյումրու միջազգային թատերական փառատոնին կմասնակցի շուրջ 500 արտիստ ու թատերական ոլորտի ներկայացուցիչ

Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10-ը կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոնը», որին կմասնակցեն ավելի քան քսան թատրոններ ու թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից և Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ փառատոնին կմասնակցի շուրջ 500 արտիստ ու թատերական ոլորտի ներկայացուցիչ:

Այդ առիթով Գյումրու «Մտորումների թատրոնում» երեկ տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի, նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի, Գյումրու դրամատիկական թատրոնի խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանի մասնակցությամբ:

Փառատոնն անցկացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը կարևորեց մայրաքաղաքից դուրս մշակութային կյանքի ակտիվացումը:

«Մշակութային ապակենտրոնացումը առաջնահերթություն է, և Գյումրիում թատերական փառատոնի անցկացումը դրա լավագույն օրինակներից մեկն է»,- ասաց նա:

Նախագծի  պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը նախ ասաց, որ ասուլիսի վայրը՝ «Գյումրու մտորումների թատրոնը», պատահական չի ընտրված, և դրա նպատակը այս հասցեն ճանաչելի դարձնելն է, ու պետք է շնորհակալություն հայտնել թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին, որ կարողացել է ստեղծել և պահել ինքնուրույն, պետության ֆինանսավորումից դուրս մշակութային օջախ:

Նա նշեց նաև, որ փառատոնի շրջանակներում իրականացվում է նաև «Երևանյան հատուկ ծրագիրը» մայրաքաղաքի թատրոնների մասնակցությամբ, քանի որ փառատոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակ համոզվել է, թե որքան է անգամ մասնագիտական հանրությունը կտրված մայրաքաղաքի մշակութային կյանքից:

«Ընտրված թատրոնները Հայաստանի լավագույն թատրոններն են: Դրանք գրեթե բոլոր թատրոններն են, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու փառատոնին: Կապանի թատրոնն է մասնակցելու: Ինքս գնացել եմ Կապան, տեսել եմ ներկայացումը ու խնդրել եմ, որ այն բերեն փառատոնին: Ներկայացում կա նաև Վանաձորից: Փառատոնի շրջանակներում կունենանք նաև շատ հետաքրքիր ձևաչափ՝ «Գյումրին թատերական խաչմերուկ», կլինեն ներկայացում-քննարկումներ ուսանողների և մասնագետների համար: Դրա շրջանակներում Գյումրի  կգան թատերախմբեր Իրանից, Ֆրանսիայից, կանցկացվեն նաև վարպետության դասեր: Փառատոնը կարևորում ենք նաև թողնելիք իր այս հետագծով: Ամեն ներկայացման մասին  կունենանք նաև մի ամբողջական հաղորդում»,- նշեց Տիգրան Վիրաբյանը:

Անդրադառնալով փառատոնին Երևանի քաղաքապետարանի աջակցությանը՝ պրոդյուսերը  նշեց՝ բարի ավանդույթ է դարձել համատեղ ծրագրերի իրականացումը:

«Շատ կարևոր է, որ մայրաքաղաքը իր ահռելի մշակութային հնարավորություններով ու ահռելի բյուջեով մասնակից է դառնում այս միջոցառմանը: Նշեմ, որ Գյումրին, որը մշակութային մայրաքաղաք է համարվում, ունի տարեկան միջոցառումների բյուջե՝ 30 մլն դրամ, մինչդեռ  մայրաքաղաքինը՝ 2 մլրդ և ավելի: Սա խոսում է այն մասին, որ պետությունն այստեղ անելիք ունի, որովհետև հռչակել Գյումրին մշակութային մայրաքաղաք ու չտալ ֆինանսական հնարավորություն, հասկանալի չէ»,- նշեց Տիգրան Վիրաբյանը:

Վերջինս հիշեցրեց՝ եղել են ժամանակներ, երբ Գյումրիի թատրոնում դռնապահը գալիս էր ու արդեն պատրաստ, շպարված դերասաններին ասում, որ տուն գնան, ներկայացում չի լինելու, քանի որ տոմս չի վաճառվել:

«Իսկ այսօր մարդիկ շաբաթներով Գյումրու դրամատիկական թատրոնի ներկայացումների տոմսեր են փնտրում: Սա թատրոնի պատիվն է ու շնորհքը»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Արա Խզմալյանն էլ նշեց, որ խորհրդանշական է փառատոնը հենց ապրիլի 24-ին անելը:

«Հենց ապրիլի 24-ին ենք մենք հաստատում մեր ստեղծարար լինելը, մեր մշակութային ու վերածնված ազգ լինելու գաղափարը: Փառատոնը, իհարկե, կմեկնարկի թեմային համապատասխան ներկայացմամբ»,- ասաց Արա Խզմալյանը:

Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ՝ փառատոնի օրերին հանդիսատեսի թիվը կգերազանցի տասը հազարը:

Տեսանյութեր

Լրահոս