Արայիկ Հարությունյանը Փաշինյանից հրահանգի դեպքում կգնա Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթաց սկսելու. Մետաքսե Հակոբյան

 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արցախի անվտանգության երաշխավոր երկրի վարչապետը լինելու խոստում տված Նիկոլ Փաշինյանը, հրաժարվելով իր իսկ ընդունած Կառավարության ծրագրում ամրագրված առանցքային դրույթներից՝ ապրիլի 18-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ապա հավելեց.

«Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով՝ որպես Հայաստանի Հանրապետություն»։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո Արցախի խորհրդարանի բոլոր՝ 5 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ դատապարտելով Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարությունը: Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ Արցախից արվող հայտարարությունները հատում են իր համբերությունը։

«Նրանց թվում է, թե իրենց տրված է մեզ քննադատելու սրբազան իրավունք: Էդ դերակատարումն աշխատում էր այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական թատերաբեմում կային Արցախից եկած հյուրախաղերով հանդես եկած գործիչներ առաջին պլանում. էդպիսի գործիչներ հիմա չկան, ո՞ւմ համար եք անում»,- դիմելով Արցախում ապրող մեր հայրենակիցներին՝ ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Կարդացեք նաև

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարություններից նյարդայնանալու պատճառների մասին, հայտարարությանը միացած «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծեց. նյարդայնացող այս մարդիկ պատահական չեն ընտրվել. նրանք բոլորն ունեն մեկ ընդհանրություն, այն է՝ ատելություն առ Արցախ։

«Ավելի վաղ ևս Արսենյան Գուրգենն ասում էր, որ պետք է 120 հազար արցախցու զոհել, որ փրկեն 3 միլիոնին, մինչդեռ ամեն մի գիտակից հայ հասկանում է՝ 120 հազար հային զոհելով՝ 3 միլիոնը չի փրկվելու։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ են Արցախից նման հայտարարություններ արվում, ապա դրա պատճառն այն է, որ 2018 թվականից սկսած Արսենյան Գուրգենն ու նրա ղեկավարն իր թիմով Արցախը վերածել են մանրադրամի։

Արցախն օգտագործվել է Հայաստանի ՔՊ-ական խմբակի կողմից, որպեսզի հնարավորինս քիչ ցավոտ դարձնեն Հայաստանի մասնատման գործընթացը՝ գործարքի գնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչի դիմաց ընդամենը ակնկալում է Ադրբեջանից, որ վերջինս նույնը կանի Հայաստանի 29.800 քառակուսի կմ-ի վերաբերյալ։ Սրանից հետևում է, որ Հայաստանում՝ այդ 8 գյուղերում ապրողներին վաղը Փաշինյանը հանձնելու է Ադրբեջանին և վտանգելու Սյունիքը՝ անգամ Արցախը հանձնելուց հետո, հետևապես՝ այդ թիմը՝ փաշինյաննիկոլներն ու արսենյանգուրգենները, կործանում են նաև Հայաստանը»,- ասաց Հակոբյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ դրանից դրդված՝ Արցախի ընդդիմադիր ուժերը մշակել և պատրատվում են իրականացնել քայլեր՝ Արցախի ներսում ինտրիգներ ստեղծող և հումանիտար խնդիրների լուծման իմիտացիայով զբաղված Արցախի իշխանության ղեկավարի հեռացմանը հասնելու համար։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ մինչ այդ Արայիկ Հարությունյանը նախաձեռնի Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթաց, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց.

«Իր կամքով, ենթադրում եմ, որ չի անի նման բան, բայց եթե Հայաստանից իջնի նման հրաման, կասկածում եմ, որ կհակառակվի դրան, որովհետև Արայիկ Հարությունյանը կատարում է Հայաստանի իշխանության բոլոր հրահանգները»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս