Հորդանանի և Իրանի արտգործնախարարները հանդիպում կանցկացնեն
Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման ալ Սաֆադին ապրիլի 20-ին իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների հաղթահարման ուղիները։
«Երկու նախարարները պայմանավորվել են ամենամոտ ժամանակներս հանդիպում անցկացնել՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, ինչը կծառայի նրանց շահերին և կնպաստի տարածաշրջանային ճգնաժամերի և լարվածությունների դադարեցմանը», – մեջբերում է գործակալությունը Հորդանանի ԱԳՆ-ի հայտարարությունից:
Աբդոլլահիանը նշել է, որ Իսլամական Հանրապետությունը «շահագրգռված է Հորդանանի հետ գործընկերության զարգացմամբ և գնահատում է նրա դերը տարածաշրջանում»։
Հայտարարության մեջ ասված է, որ բանակցությունների ընթացքում ալ Սաֆադին «արծարծել է սիրիա-հորդանանյան սահմանի սրված իրադրությունը և նշել թագավորության տարածքով դեպի Պարսից ծոցի արաբական երկրներ թմրանյութերի մաքսանենգության կանխման միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը»։
«Հորդանանն, ինչպես և բոլոր արաբական երկրները, ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Իրանի հետ՝ հիմնված բարիդրացիության, ներքին գործերին չմիջամտելու և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա», – ընդգծել է ալ Սաֆադին։
Փոխվարչապետի խոսքով՝ թագավորությունը ողջունում է մարտի 10-ին Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև Պեկինում ստորագրված համաձայնագիրը և այն համարում է «կարևոր քայլ լարվածության նվազեցման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ճանապարհին»։
Պաղեստինաիսրայելական հակամարտությունը քննարկելիս ալ Սաֆադին մատնանշել է պաղեստինցիներին պաշտպանելու` Հորդանանի հաստատակամ դիրքորոշումը:
Հորդանանը Թեհրանից իր դեսպանին հետ է կանչել 2018 թ.-ին: Այդ որոշումը, ԱԳՆ-ի հայտարարության համաձայն, ընդունվել է հարևան արաբական երկրների գործերին Իրանի միջամտության քաղաքականության պատճառով և ի նշան Սաուդյան Արաբիայի հետ համերաշխության: