«Մարդիկ կան՝ «Գելենվագեն»-ով են շրջում քաղաքում, բայց նպաստ են ստանում. մեզնից ինչի՞ եք նպաստ ուզում, եթե դուք միլիոնատեր եք». Փաշինյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն այսօր 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցող Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե արդյոք Կառավարությունում քննարկվե՞լ է ծրագիր՝ ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներին սոցիալական բնակարաններով ապահովելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կողմ է սոցիալական բնակարաշինությանը, բայց դրանք պետք է լինեն միայն մարզերում.

«Երևանում չպետք է լինի սոցիալական բնակարանաշինություն, որովհետև կնշանակի, որ ավելի կխթանենք գյուղերի դատարկման գործընթացը: Երևան քաղաքի կենտորոնում սոցիալական բնակարանաշինություն անելը ո՞րն է…

Ես էլ Երևանում չեմ ծնվել, չեմ մեծացել, հիմա ի՞նչ անեմ ես: Այդ մոտեցումը՝ ես Աբովյան փողոցի վրա եմ ծնվել, ես Աբովյան փողոցի վրա պետք է ունենամ սոցիալական բնակարան, կներեք, բայց էդպես չի: Մարդը 3 սենյականոց բնակարան ունի Մաշտոցի պողոտայի վրա, ասում է՝ ինձ նպաստ տվեք, որովհետև ես չեմ կարողանում ապրել, բայց ինքը միլիոնատեր է, չի՛ կարա էդպիսի բան լինի: Երբ ես 2019 թվին խնդրեցի, ասացի՝ ինձ բերեք Փոքր կենտրոնում ապրող, սեփականություն ունեցող նպաստառուների ցուցակը, պարզվեց՝ մի հսկայական ցուցակ կա: Մենք չե՛նք ասում, որ Կենտրոնում մի ապրեք, բայց մեզնից ինչի՞ եք նպաստ ուզում, եթե դուք միլիոնատեր եք: Հետո պարզվեց, որ մարդիկ կան՝ «Գելենվագեն»-ով են շրջում քաղաքում, բայց նպաստ են ստանում, մարդիկ կան՝ ամիսը 500.000 վարկ են փակում, բայց նպաստ են ստանում, և ասեմ ձեզ, մինչև հիմա մենք այդ հարցերը չենք լուծել»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս