Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը հավանական է համարում աշխարհի առաջնությունը Երևանում անցկացնելը
Ծանրամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների նախագահները մեծ սպասելիքներ ունեն Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնությունից:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին շեշտեց, որ կազմակերպիչներն արել են առավելագույնը: «Կազմկոմիտեն արել է ոչ միայն այն, ինչ ակնկալում էինք, այլ առավելագույնը: Լիահույս եմ, որ Եվրոպայի այս առաջնությունը կանցկացվի բարձր մակարդակով: Այս առաջնությունը կարևոր է մեզ համար, քանի որ որակավորման փուլերից մեկն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Կազմակերպիչներն արել են ավելին, քան մեր պահանջներն են»,-ասաց նա:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդն առաջին անգամ է Հայաստանում և հիացած է այս մարզաձևի նկատմամբ պետական հետևողականությամբ:
«Հայաստանը ծանրամարտի աշխարհում ուժեղագույն ներկայացուցիչներից մեկն է: Ուրախ եմ, որ ծանրամարտն այսքան սիրելի է Հայաստանում: Հայաստանը մեծ հավակնություններ ունի ընդունելու 2024 թվականի աշխարհի առաջնությունը: Ինքս էլ կփորձեմ աջակցել, որ Հայաստանը հյուրընկալի աշխարհի առաջնությունը: Վստահ եմ, որ Հայաստանը հրաշալի կանցկանցի Եվրոպայի առաջնությունը»,-առանձնացրեց նա:
Ծանրամարտի 2024 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար կպայքարեն Հայաստանը, Ալբանիան, Բահրեյնը, Վենեսուելան և Պերուն: