
Ջանք չենք խնայել, որպեսզի ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունը լինի լավագույնը․ Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` կազմկոմիտեն ջանք չի խնայել առաջնությունը լավագույնս անցկացնելու համար:
«Կազմկոմիտեի կողմից ջանք չի խնայվել, որպեսզի այս առաջնությունը լինի լավագույնը: Արդեն իսկ մեր գործընկերներից շատ դրական արձագանք ենք ստացել: Մեր փորձը, որը ձեռք ենք բերել այս տարիներ ընթացքում, թույլ է տալիս նաև, որ հյուրընկալենք առավել մեծ մրցաշարեր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:
Հարությունյանն ընդգծեց` Եվրոպայի առաջնության ավարտից հետո Հայաստանի հեղինակությունն ավելի է բարձրանալու։ Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումների անցկացումը նոր` առավել խոշոր մրցաշարերի անցկացնման հավակնություններ է տալիս:
Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին և կմեկնարկի ժամը 20:30-ին: Հանդիսատեսի համար համալիրի դռները կփակվեն մեկնարկից մեկ ժամ առաջ: