
«Տեղ գյուղում վիրավորված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք». Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին, ասաց, որ դրական տեղաշարժ է նկատվում.
«Ունենք որոշակի դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, հուսով ենք, որ դրական ընթացքով պետք է լինի ապաքինումը, մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ՝ կարծում եմ, ամեն ինչ լավ է լինելու, ովքեր գտնվում են Սիսիանում, նրանց վիճակը բավարար է, որևէ խնդիր չունենք»:
Հարցին՝ արդյոք հանդիպե՞լ եք վիրավոր զինծառայողներին, Ավանեսյանը դրական պատասխան տվեց, իսկ թե ի՞նչ է խոսել տղաների հետ, ասաց.
«Շուտափույթ ապաքինում եմ մաղթել, հետաքրքրվել եմ առողջական վիճակի մասին»:
Ճշտող հարցին՝ կորոնաչարաշահումների գործով հարցաքննվե՞լ եք, ի վերջո, նախարարը բացասական պատասխան տվեց. «Դեռ ոչ»:
Իսկ սպասո՞ւմ եք՝ հարցին, նախարարը պատասխանեց.
«Այսինքն՝ սպասում եմ, եթե կարիքը լինի, կհարցաքննվեմ»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև տարեսկզբին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորում ստացած 3 զինծառայողների առողջական վիճակից.
«Նրանց առողջական վիճակը բավարար է: Սովորաբար այրվածքների պարագայում երկարատև վերականգնողական բուժական ընթացք է անհրաժեշտ լինում, որն ընթանում է»: