Բաժիններ՝

Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրված շենքում հնարավոր կլինի ոչ միայն փորձեր, այլև ձայնագրություններ իրականացնել. տնօրենը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հատկացված Կամերային երաժշտական թատրոնի շենքը շատ հարմար է նվագախմբի պրոֆեսիոնալ աշխատանքը կազմակերպելու համար, սակայն շենքի ներսում բավականին մեծ փոփոխություններ պետք է արվեն:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ու հավելում՝ շենքի նորոգման նախագծանախահաշվարկային փաթեթը պատրաստ է, այժմ փորձաքննության փուլում են։ Փորձաքննական դրական եզրակացությունից հետո կհայտարարվի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ, որից հետո շենքում նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները:

«Տարածքը, որտեղ նախկինում հանդիսատեսի համար նախատեսված աթոռներն էին, փոքր բեմը, դառնալու է մեկ հարթությամբ փորձասենյակ, որը ժամանակակից լուսային ու ձայնային լուծումներ կունենա, համապատասխան ակուստիկա, որպեսզի նվագախումբը կարողանա այդտեղ իրականացնել իր պրոֆեսիոնալ ստեղծագործական գործունեության մեծ մասը, հետո միայն «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգները։ Այս փորձասենյակը նաև նորարարական կամերային համերգների լավ հարթակ կծառայի, որտեղ կարելի է հետաքրքիր կրթական նախագծեր իրականացնել»,-ասում է նա:

Բալբաբյանի խոսքով՝ ցավոք, Երևանում չկա մի այնպիսի տարածք, որտեղ հնարավոր լինի սիմֆոնիկ նվագախմբի որակյալ ձայնագրություններ կատարել: «Նվագախումբը կարող է ձայնագրություններ իրականացնել նաև Հանրային ռադիոյի ստուդիայում, որը վերջերս է վերանորոգվել, սակայն վերանորոգման ընթացքում հաշվի չեն առնվել սիմֆոնիկ նվագախմբի ձայնագրությունն ապահովելու տարածքային հարցերը, այսինքն՝ որքան տարածք է անհրաժեշտ նվագախմբին ակադեմիական երաժշտություն ձայնագրելու համար: Մենք համագործակցում ենք հայտնի ու մեծ ճանաչում ունեցող հնչյունային պրոդյուսերների հետ, որոնց հետ արդեն իրականացրել ենք ձայնագրություններ, որոնք տարեցտարի թողարկվելու են: Խոսքն առաջին հերթին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մասին է»,-տեղեկացնում է Սիմֆոնիկի տնօրենը:

Տարիներ առաջ նվագախմբի 15-ամյակի առթիվ թողարկել են Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան, որն առկա է բոլոր մեդիահարթակներում, հաջորդիվ թողարվելու են Ավետ Տերտերյանի սիմֆոնիաները, Ջոն Տեր-Թադևոսյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց ստեղծագործությունները, ձայնագրվել է Էդուարդ Հայրապետյանի նոր բալետը, երիտասարդ կոմպոզիտորների գործեր, որոնք նույնպես առաջիկայում կթողարկվեն:

Ձայնագրությունների մեծ մասն իրականացվել է Քանաքեռում գտնվող ստուդիայում, մի մասն էլ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Նվագախմբին տրամադրված շենքում կարող ենք բարձրակարգ ձայնագրություններ իրականացնել: Եթե գործընկեր նվագախմբերն այդ շենքում ձայնագրություններ կատարելու ցանկություն հայտնեն, սիրով տարածքը նրանց նույնպես կտրամադրենք: Տարածքն ունենալու է ակուստիկ ու տեխնիկական այնպիսի չափանիշներ, որոնք բարձրորակ ձայնագրությունների հնարավորություն կտան»,-հավաստիացնում է Սարգիս Բալբաբյանը:

2023-ի հունվարի 25-ին Սիմֆոնիկ նվագախումբը համերգային ծրագրով նշել է հիմնադրման 17-ամյակը: Ցանկանում են, որ դա ավանդույթ դառնա, քանի որ հրաշալի առիթ է տարվա ընթացքում կատարած աշխատանքն ամփոփելու համար:

Իսկ փետրվարին նվագախումբն իր համար ռազմավարական կարևորություն ունեցող հյուրախաղերով եղել է Միացյալ Թագավորությունում: Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանդես է եկել Միացյալ Թագավորության 10 քաղաքում՝ ներկայացնելով Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը:

«Դա կարևոր իրադարձություն էր նվագախմբի կյանքում: Մենք համագործակցում ենք IMG Artists ընկերության հետ, որի հրավերով էինք մեկնել մեծ հյուրախաղերի, որոնք լայն արձագանք ստացան: Մեր ելույթների մասին բազմիցս գրվել է ոչ միայն տեղական, այլև միջազգային մամուլում: Երաժշտական քննադատների հոդվածներում կարևորվում է նվագախմբի բարձր երաժշտարվեստը և Խաչատրյանի երաժշտությունը։ Հյուրախաղերը կլինեն շարունակական, քանի որ համերգներն անցել են լեցուն դահլիճներում, և Սիմֆոնիկը դարձել է հայտնի համերգասրահների ռեզիդենտ նվագախումբը: Այսպես մենք միջազգային շուկա ենք դուրս գալիս՝ ներկայացնելով հայ երաժշտարվեստը և կոմպոզիտորական արվեստը»,-ընդգծում է Բալբաբյանն ու հավելում, որ տարեկան ընդամենը յոթ նվագախումբ է նման հյուրախաղերով հանդես գալիս Միացյալ Թագավորությունում:

Այնուհետև Սիմֆոնիկ նվագախումբը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ անցկացվել է Classic Winds մրցույթը, որի պաշտոնական նվագախումբն է եղել: Եղել են նաև Օմանում և ելույթ են ունեցել մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում։ Այնտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հռոմի օպերայի և բալետի թատրոնի հետ ներկայացրել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «Ժիզել» բալետը։

«Այդ կերպ մենք կարողացանք նորովի բացահայտել նվագախումբն ու երաժիշտներին: Ներկայացումները մեծ հաջողություն ունեցան: Ուրախ ենք, որ բոլոր համագործակցությունները շարունակական կլինեն»,-շեշտում է նա:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների մեծ մասը նվագախմբում են հիմնադրման օրից ի վեր, սակայն նրանց շարքերը տարիների ընթացքում համալրվել են:

Բալբաբյանն ասում է՝ կան երաժշտական գործիքներ, որոնց կատարողներին դժվարանում են գտնել: «Կոնսերվատորիայից չենք գտնում այնպիսի երաժիշտների, որոնք կարողանան իրենց գործունեությունը միանգամից շարունակել նվագախմբում թեկուզ ստաժորի կարգավիճակում: Որոշ գործիքների պարագայում անհաղթահարելի խնդիրների ենք բախվում: Չունենք առաջին հոբոյ նվագող երաժիշտ: Առանց հոբոյահարի հնարավոր չէ պատկերացնել նվագախմբի գործունեությունը: Ստիպված ենք հոբոյահարի գտնել արտերկրից՝ համերգներին նվագելու համար»,-խոստովանում է Սիմֆոնիկի տնօրենը:

Այս օրերին Երևանում ընթանում է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը, որը հիմնադրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Այն մեկնարկել է մարտի 16-ին: Փառատոնի բացման համերգին առաջին անգամ Հայաստանում հնչել են Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար։ Փառատոնի բացման համերգին հնչել է նաև Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սիմֆոնիան, որն ստեղծվել է կոմպոզիտորի և նվագախմբի համագործակցության արդյունքում, և որը կոմպոզիտորը նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։

Իսկ հունիսի 6-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով կբացի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որի պաշտոնական նվագախումբն է: Նոյեմբերին և դեկտեմբերին էլ կանցկացվի Խաչատրյանի անվան ամենամյա փառատոնը, որի շրջանակներում Հայաստան կայցելեն հայտնի արտիստներ, մենակատարներ՝ ներկայացնելու կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս