Ինչպե՞ս Ազգային ժողովի տեսախցիկների ձայնագրությունը հայտնվեց իշխանական ԶԼՄ-ներում, և ո՞վ է ապացույցների կեղծման շահառուն. ինչո՞ւ է լռում ՔԿ-ն

Երեկ Ազգային ժողովի (ԱԺ) Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր գրանցվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Ըստ ականատեսների՝ միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ոստիկանության աշխատակիցները, որոնք անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ընդդիմադիր պատգամավորին:

Իշխանական թևը, չբացահայտելով, թե բուն վեճն ինչից է առաջացել, ամեն կերպ փորձում է մեղավոր կարգել հենց ընդդիմադիր պատգամավորին:

Արդեն երեկոյան իշխանական լրատվամիջոցներում հրապարակվեց ԱԺ տեսանկարահանող սարքերով արձանագրված տեսանյութը, որը բազմաթիվ հարցեր առաջացրեց:

Կարդացեք նաև

Հրապարակված տեսանյութի առաջին հատվածում երևում է ժամը, օրինակ, թե ինչպես են 11:15-ին պատգամավորները միմյանց հրմշտելով դուրս գալիս հանձնաժողովի նիստերի սենյակից և շարժվում դեպի ԱԺ հին և նոր մասնաշենքերը կապող, այսպես կոչված, «Լաչինի միջանցք»: «Լաչինի միջանցք»-ի հատվածում, սակայն, երևում է ժամը 11:08, ինչը խրոնոմետրաժի իմաստով ակնհայտ հակասություն է: Երբ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հասնում է խմբակցության սենյակների մոտ` տեսագրությունում երևում է ժամը 11:25: Ըստ տեսանյութի` Մհեր Սահակյանը 10 րոպե վազել է մի ճանապարհով, որը ամենադանդաղ քայլերի դեպքում նույնիսկ չէր կարող տևել 5 հինգ րոպեից ավելի:

Ակնհայտ մոնտաժված տեսանյութը, բացի օբյեկտիվ իրականությունը պատկերելու տեսանկյունից հարցեր առաջացնելուց, նաև նախաքննությանը միջամտելու տարրեր է պարունակում:

ԱԺ-ն հանդիսանում է ռեժիմային օբյեկտ, իսկ ներսում ձայնագրվող տեսախցիկները նախատեսված են անվտանգության համար: Ինչպե՞ս է ռեժիմային օբյեկտի ներքին շարժը պատկերող տեսագրությունը հայտնվել համացանցում, եթե դա ԱԺ անցագրային ռեժիմը կարգավորող նորմատիվ ակտով արգելված է:

Այդ տեսանյութերին ամեն ոք հասանելիություն չունի, որ դժվար լինի պարզել՝ ով, ում կարգադրությամբ է հասանելի դարձրել այն, օրինակ, Տարոն Չախոյանին:

Տեսանյութում պատկերված կադրերը քրեական գործի՝ առգրավման ենթակա նյութեր են, որոնք ապացույցների հետազոտման տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեն: Հետևաբար, տեսանյութի «սլիվը» նշանակում է միջամտություն ապացույցներին, և մեղքի վերաբերյալ մյուս, հայցվոր կողմի օգտին առավելություն են ապահովել:

Չի բացառվում, որ արդեն իրական ապացույցը մոնտաժել են ու էական հանգամանքներ արդեն իսկ հասանելի չեն:

Այսինքն՝ ո՞վ կարող է բացառել, որ բնօրինակ տեսանյութը մոնտաժված չէ, իսկ ո՞ւմ է խիստ անհրաժեշտ մոնտաժել տեսանյութը…

Այնպես որ, քրեական վարույթը հարուցած ու Մհեր Սահակյանին որպես մեղադրյալ ներգրաված Քննչական կոմիտեն Մհեր Սահակյանի կատարած դիտողության հիմնավոր կամ անհիմն լինելը արագ որոշելուց հետո պետք է առնվազն մինչև այսօր տված լիներ այն հարցի պատասխանը, թե ինչպես ԱԺ-ի անվտանգության համակարգի տեսախցիկների ձայնագրությունը հայտնվեց իշխանությանը սպասարկող լրատվամիջոցների տիրապետության տակ, ինչն արված չէ:

Տեսանյութեր

Լրահոս