Ստամբուլում գնդակոծել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության գրասենյակը
Ստամբուլում թուրքական ընդդիմադիր «Լավ» կուսակցության տարածաշրջանային գրասենյակը գնդակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
«Ես դատապարտում եմ զինված հարձակումը «Լավ» կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա… Ակնկալում եմ, որ մեղավորները հնարավորինս շուտ պատասխանատվության կենթարկվեն», – գրել է նա Twitter-ում:
Իմամօղլուն գրառմանը կցել է նաև գրասենյակի պատուհաններից մեկի լուսանկարը, որում երևում է ապակու վրա փամփուշտի անցքը:
Ստամբուլի նահանգի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Զեյթինբուրնու շրջանում։
«Կանչով դեպքի վայր ժամանած անվտանգության աշխատակիցները սկսել են զննել տարածքը։ Նախնական տվյալներով՝ արձակված գնդակները դիպել են կուսակցության գրասենյակի շենքին և հարակից բիզնես կենտրոնին», – ТАСС-ը հատված է մեջբերում հայտարարությունից:
Հայտնաբերվել է գնդակի երկու անցք, կատարվում է հետաքննություն։
Հաղորդվում է նաև, որ «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները մտադիր է այցելել նշված գրասենյակ։ Նա հայտարարել է, որ չի վախենում սպառնալիքներից։