
Ճապոնիան արգելել է ավիաշարժիչների, անօդաչուների և էլեկտրոնային սարքավորումների մատակարարումները ՌԴ-ին

Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել այն արտադրանքների արտահանումը ՌԴ, որոնք կապված են օդատիեզերական, շինարարական, մետալուրգիական արդյունաբերության ճյուղերի հետ, ինչպես նաև՝ մի շարք ապրանքների, որոնք առնչվում են չափիչ սարքավորումների և կապի հետ:
«Այդ միջոցներն ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը՝ 2023 թվականի ապրիլի 7-ին», – ասվում է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարության մամուլի տեղեկագրում։
Փաստաթղթի համաձայն՝ արգելք կսահմանվի պողպատի ու ալյումինի և դրանցից պատրաստված ապրանքների, շոգեկաթսաների և դրանց մասերի, շինարարական տեխնիկայի, ներառյալ՝ բուլդոզերների և էքսկավատորների, դարբնոցային սարքավորումների, տրանսպորտային միջոցների և դրանց պահեստամասերի նկատմամբ։
Տոկիոն նաև արգելում է ՌԴ արտահանել օդանավերի և նավերի շարժիչներ, էլեկտրասարքավորումներ և նավիգացիայի համար սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և տիեզերական ապարատներ ու դրանց մասեր, խաղալիքներ և մոդելավորման հավաքածուներ:
Բացի այդ, արտահանման համար արգելված ապրանքների ցանկում հայտնվել են օպտիկական սարքավորումները, ֆոտոտեխնիկան, չափիչ սարքավորումներն ու հսկիչ-չափիչ սարքերը, ճշգրիտ սարքավորումները:
Որպես այս ապրանքների օրինակներ, փաստաթղթում նշել են օպտիկական մանրաթելը, օպտիկամանրաթելային մալուխները, հեռադիտակները, աերոլուսանկարահանող սարքավորումները: Ավելի վաղ Ճապոնիան քանիցս պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: