
Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա․ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն- Ալպ շրջանի նախագահ

Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։
«Այդ պատճառով որոշել ենք համագործակցության համաձայնագիր ունենալ մեր շրջանի և Սյունիքի մարզի միջև։ Համաձայնագիրը ստորագրվել է շատ խորհրդանշական վայրում՝ Տաթևի վանքում։ Համագործակցությունը կվերաբերվի առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտին։ Ես ասել եմ՝ ով հարձակվի Սյունիքի վրա, կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծեց Լորան Վոքիեն։
Հրավիրելով Ֆրանսիայի և միջազգայի հանրության ուշադրությունը՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն նաև նշեց․
«Սա վեճ չէ երկու պետությունների միջև, որտեղ սահմանները հստակեցված չեն և կարող է անվերջ հարատևել, սա միջազգային բոլոր կոնվենցիաներով պաշտպանված մարդկային իրավունքների լիակատար արհամարհանք է, սա կամք է ոչնչացնելու մի ժողովուրդ, նրա մշակույթը, նրա պատմությունը, նրա հիշողությունը։ Սա, իհարկե, Հայաստանի պայքարն է, Արցախի պայքարն է, բայց սա ավելի մեծ պայքար է․ այն պայքար է բոլոր արժեքների համար, որոնք մենք կրում ենք ։ Սա քաղաքակրթության և ժողովրդավարության համար պայքար է։ Պաշտպանել ձեզ, նշանակում է պաշտպանել այդ բոլոր արժեքները»։