Բաժիններ՝

Սիրիան Իսրայելին մեղադրել է արդեն երկու օր շարունակվող ավիահարվածների մեջ

Իսրայելի օդուժը ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր կեսգիշերից քիչ անց: Այս ավիահարվածների նախորդ գիշերը ևս մեկ նման հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 զինվոր էր վիրավորվել:

Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «թշնամական հրթիռները» մայրաքաղաքի երկնքում, սակայն հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս։

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» հայտարարել է, որ հարվածների թիրախ են դարձել Դամասկոսից հարավ ընկած կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների զենքի պահեստները:

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են պայթյուններ երկնքում:

Մարտի լույս 30-ի գիշերը Իսրայելը ավիահարվածներ էր իրականացրել Սիրիայի դեմ՝ թիրախավորելով Դամասկոսի արվարձանները: Սիրիական ռազմական աղբյուրը SANA գործակալությանը հայտնել էր, որ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է երկու սիրիացի զինվոր, պատճառվել է նաև նյութական վնաս։

The Times of Israel պարբերականն իր հերթին հաղորդում է, որ որպես կանոն՝ Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանում Սիրիայում իրականացված հարձակումները, սակայն ընդունել է, որ հարյուրավոր հարվածներ է իրականացրել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների դեմ, որոնք փորձում են ամրապնդել դիրքերը Սիրիայում: ԻՊԲ-ն նշում է, որ նաև հարվածում է այդ խմբավորումների համար նախատեսված մատակարարումներին:

Բացի հինգշաբթի և ուրբաթ իրականացված հարձակումներից, վերջին շաբաթներին հարձակումներ են իրականացվել նաև Հալեպի միջազգային օդանավակայանի դեմ: Այդ հարձակումները ևս վերագրվում են Իսրայելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս