Բաժիններ՝

Տարանտինոն ավարտել է իր վերջին ֆիլմի սցենարը

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ ավարտել է իր վերջին ֆիլմի սցենարը:

Ակնկալվում է, որ Տարանտինոն իր 10-րդ ֆիլմի նկարահանումները կսկսի մի քանի ամսից:

«Ես ավարտել եմ մի սցենար, որը կդառնա իմ վերջին ֆիլմը: Կարծում եմ՝ մենք, ամենայն հավանականությամբ, այն կնկարահանենք աշնանը», – ասել է 60-ամյա կինոռեժիսորը Կաննի կինոփառատոնի նախագահ Թիերի Ֆրեմոյի հետ զրույցում:

Ռեժիսորը հավելել է, որ ֆիլմը կոչվում է «Կինոքննադատ»: Դրա պատմությունը ծավալվում է 1977 թ.-ին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե պատմությունը կարող է կենտրոնացած լինել 2001 թ.-ին մահացած Պաուլին Կաելի շուրջ, որը համարվում է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկը: Սակայն Քվենտին Տարանտինոն հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ իր ֆիլմը նվիրված չէ որևէ կոնկրետ կինոքննադատի:

Տարանտինոյի դեբյուտային ֆիլմը եղել է 1992 թ.-ին էկրան բարձրացած «Կատաղած շներ»-ը, որը նրան մեծ համբավ բերեց: Վերջին 3 տասնամյակների ընթացքում կինոռեժիսորը նկարահանել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Քրեական ընթերցվածք»-ը, «Մի անգամ Հոլիվուդում»-ը, «Անփառունակ սրիկաները»: Նա աշխատել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Ջոն Տրավոլտան, Ումա Թուրմանը, Սեմյուել Լ. Ջեքսոնը: Նրա ֆիլմերի շնորհիվ Քրիստոֆ Վոլցը երկու «Օսկար» է շահել:

Տարանտինոն բազմիցս նշել էր, որ ցանկանում է իր կյանքի ընթացքում նկարահանել 10 ֆիլմ կամ թոշակի անցնել մինչև 60 տարեկանը: Ռեժիսորն արդեն նկարահանել է 9 ֆիլմ (եթե «Սպանել Բիլին» ֆիլմը համարենք 1 ֆիլմ), իսկ մարտի 27-ին դարձել է 60 տարեկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս