Բաժիններ՝

Հայտնի են «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները

«Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը տեղի է ունեցել մարտի 25-ին՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:

Երկու տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել է 6 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես են եկել երկու կատարումով։ Ժյուրին, հաշվի առնելով մասնակիցների տվյալները, «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի պահանջներին ու կանոններին համապատասխան ընտրել է մանկական կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակին։

8-14 տարեկան տարիքային խմբում «Սլավյանսկի բազար 2023» 22-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 10-ամյա Անահիտ Գալստյանը, որը ժյուրիին ներկայացել է նախ Առնո Բաբաջանյանի «Իմ Երևան», ապա՝ Բրունո Մարսի երգացանկից՝ «Versache on the floor» կատարումներով։

Ժյուրիի կազմը նախագահել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, իսկ ժյուրիի անդամներն են եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, որը «Սլավյանկսի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է, երգիչ Մհեր Մեսրոպյանը, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, երգիչ, Շ. Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երաժշտական գծով փոխտնօրեն Տիգրան Կարապետյանը։

Ավարտին բոլոր մասնակիցներն արժանացել են հավաստագրերի՝ մասնակցության համար։

Իսկ «Սլավյանսկի բազար 2023» 32-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, որի թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։

«Հայաստանյան կազմկոմիտեն երկարատև քննարկումներից հետո որոշել է երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակին ընտրել առանց մրցույթի։ Թեկնածուները մի քանիսն են եղել, սակայն ընտրությունը կանգ է առել Սյուզաննա Մելքոնյանի անվան վրա՝ հաշվի առնելով նրա ունեցած տվյալներն ու երգարվեստում կարիերան»,- մրցույթի ավարտին բեմահարթակից բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնելով ասել է ժյուրիի անդամ, մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը և հույս հայտնել, որ այս տարվա ժյուրիի կողմից ընտրված մասնակիցների համար հայ հասարակությունը ևս ուրախ կլինի։

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում։ իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս